Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է մոտ 300 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է մոտ 300 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1639
Տարածել

Հուլիսի 18-25-ը Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 837 ահազանգ, որից 752-ը ճանաչողական բնույթի: Գրանցվել է բնածին բնույթի՝ 14, տեխնածին՝ 25 եւ սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ:
Գրանցվել է 10 հրդեհ՝ առավելապես՝ չոր խոտատարածքներում: Ծառայության մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու մարել են հրդեհները: Հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու եւ հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում; Մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:
Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով 8 դուռ, փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություն, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 5 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել: Ծառայության արագ արձագանքման օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 118 պայթուցիչ, 26 հրթիռ, հրթիռակասետային 8 ռումբ, ականանետի 76 ական, 68 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 24 եւ նռնականետի 17 նռնակ:
ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն