Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Գյումրիում եւ Աշոցքում կկառուցվեն նոր ջոկատներ

Փրկարարական տարվա ամփոփում․ Գյումրիում եւ Աշոցքում կկառուցվեն նոր ջոկատներ

1557
Տարածել

Հունվարի 23-ին Արարատի, Շիրակի եւ Լոռու մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են նախորդ տարում կատարած աշխատանքը։

2019 թվականին Արարատի մարզում գրանցվել է 1475 արտակարգ դեպք (2018թ.` 790), որոնց հետեւանքով զոհվել է 27, մարմնական  վնասվածք ստացել 436 մարդ։ 974 տեխնածին դեպքերից 896-ը եղել է հրդեհ (2018թ.՝ 363)։

Կատարվել է շուրջ 90 546 մ դրենաժների մաքրման եւ կարգավորման աշխատանքներ 12 համայնքում։

Փրկարարների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ԱԻ նախարարի հրամանով կազմակերպվել է գործուղում Վրաստան եւ  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազա՝ համապատասխանաբար «Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացում Արեւելքի հարեւան երկրների քաղաքների համար» ծրագրի շրջանակում համաժողովին եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության հետ համատեղ անցկացված առաջին օգնության դասընթացներին մասնակցելու նպատակով։

Փորձը ցույց է տվել, որ դեռեւս թույլ է համայնքների, կազմակերպությունների ղեկավարների ու մարզային փրկարարական վարչության համագործակցությունը, ժամանակին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը, ինչի հիմնական պատճառը համայնքներում եւ կազմակերպություններում քաղաքացիական պաշտպանության ոլորտի հաստիքային ծառայողի բացակայությունն է։  Առաջարկվում է մարզպետի օժանդակությամբ մարզկենտրոնում կազմավորել համալիր փրկարարական ջոկատ, բարձրացնել համայնքային եւ օբյեկտային կազմավորումների ՔՊ պատրաստվածությունը։

Շիրակի մարզում գրանցվել է 749 արտակարգ դեպք (2018թ.` 581), որոնց հետեւանքով զոհվել է 25, վիրավորվել 499 մարդ։ 594 տեխնածին դեպքերից գրանցվել է 373 հրդեհ (2018թ.` 269)։

Մարզում տարերային բնույթի արտակարգ իրավիճակների պատճառած նյութական վնասը կազմել է մոտ 4 մլրդ 758 մլն դրամ։ 2018 թվականի ցուցանիշի համեմատ՝ վնասի չափն աճել է մոտ 1 մլրդ 621մլն դրամով։

Մարզում ստեղծվել է 52  պատանի հրշեջ-փրկարարների թիմեր, որոնցում ընդգրկված են թվով 581 բարձրդասարանցիներ։ Հայկական Կարմիր Խաչի ընկերության, Շիրակի մարզպետարանի եւ մարզային փրկարարական վարչության համատեղ «Կառուցենք դիմակայուն համայնքներ Վրաստանում եւ Հայաստանում» ծրագրի շրջանակում մարզի 25 թիրախային համայնքում ստեղծվել են 20 հոգուց բաղկացած համայնքային թիմեր, որոնք ապահովված են պարզագույն փրկարարական գործիքներով, գույքով եւ հանդերձանքով: Իսկ 38 անտառամերձ բնակավայրերում ստեղծվել է 45 կամավոր հրշեջ-խումբ, որոնցում ընդգրկվել է 305 մարդ:

2019 թվականին Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը մասնակցել է ԱԻՆ փրկարար ծառայության անցկացրած «Ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացում» հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը, իսկ հունիսի 25-26-ը՝ իրականացրել 36- ժամյա դաշտային վարժանք:

Գյումրու թիվ 48 ՀՓՋ-ի տարածքում կառուցվել է նոր ավտոտնակ։ Գյումրիում եւ Աշոցքում նոր ՀՓՋ-եր կառուցելու նպատակով ձեռք են բերվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներ, արդեն քննարկվել են կոմունալ ծառայությունների կազմակերպման հնարավոր ուղիները։

Լոռու մարզում գրանցվել է 1425 արտակարգ դեպք (2018թ.` 1258), որոնց հետեւանքով զոհվել է 42, մար­մնական վնասվածք ստացել  866 մարդ։

878 տեխնածին դեպքերից  626-ը եղել է հրդեհ (2018թ.` 234): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրդեհների հիմնական պատճառն ազգաբնակչության կողմից ցանքատարածությունների եւ խոտհարքների այրումն է եւ չվերահսկվող կրակը։ Սա ոչ միայն անզգուշության, այլեւ հնարավոր դիտավորության արդյունք է։ Մարզպետը հանձնարարել է համայնքների ղեկավարներին բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների հետ։

Մարզում առկա է  217 հրշեջ հիդրանտ, որոնցից գործում է 179-ը:  Նախորդ տարի մարզի ՀՓՋ-երի հրամանատարների ջանքերով Թումանյանի, Գուգարքի եւ Տաշիրի տարածաշրջաններում տեղադրվել է 15 ջրածորակ։

2019 թվականին վարչության ստորաբաժանումները համալրվել են 5 «Իսուզու» մակնիշի ավտոբաքով եւ նույն մակնիշի ավտոսանդուղքով, 2020-ին նախատեսվում է եւս 9 ավտոբաք։ ԱԻ նախարարի նախաձեռնությամբ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի եւ Թումանյանի ՀՓՋ-երը։

Առաջարկվում է հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների օպերատիվ արձագանքման նպատակով Ախթալա, Դսեղ եւ Մեծ Պարնի համայքներում ստեղծել հրշեջ- հենակետեր։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Կոլաժը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ