Գլխավոր Միջոցառումներ Մրցումներ՝ ԱԻՆ մարզիկների մասնակցությամբ

Մրցումներ՝ ԱԻՆ մարզիկների մասնակցությամբ

3446
Տարածել

Կորոնավիրուսի պատճառով գրեթե մեկ տարի հետաձգվել էին բոլոր մարզական միջոցառումները։ Այս հանգստյան օրերին նախատեսված են տարբեր մարզաձեւերի մրցումներ, որոնց կմասնակցեն նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։

Մասնավորապես՝

· Օգոստոսի 7-ին եւ 8-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Երեւանի Թումոյի այգում տեղի կունենա 3X3 ձեւաչափով անվասայլակով բասկետբոլի Երեւանի բաց առաջնություն՝ ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» եւ պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ» թիմերի մասնակցությամբ։ «Արտակարգ» ակումբը կներկայացնեն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակիցներ Սեւակ Մխիթարյանը, Հրաչ Մանուկյանը, Հովհաննես Խզմալյանը եւ Նուբար Կիրակոսյանը։

· Օգոստոսի 7-9-ը Հայաստանի հաշմանդամային սպորտի եւ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիաների համագործակցությամբ «Կապուտակ Սեւան» լողափում կանցկացվեն հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր՝ նվիրված ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակին։ Սեղմում հենարանից, բազկամարտ եւ հրաձգություն մարզաձեւերում հանդես կգա ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Ավանեսյանը, իսկ բազկամարտ եւ ծանրամարտ մարզաձեւերում՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտի եւ բազկամարտի միջազգային մեդալակիր Հարություն Մխիթարյանը։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր, ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը կներկայացնի իր սաներին՝ Ելենա Պետրոսյանին, Սվետլանա Մանուկյանին ու Արթուր Գալստյանին։

· Օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ին, Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակում կկայանա մարզամշակութային միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Մարզիկներ Զորիկ Պողոսյանը, Յուրի Սաքունցը, Արտյոմ Սոլոյանը, Հովհաննես Դավթյանն ու Դավիթ Սարգսյանը կփորձեն սահմանել Գինեսի հինգ ռեկորդ։ ԱԻՆ ծառայողներից ելույթ կունենան Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, Գինեսի բազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը։ Վերջինս միջոցառման կազմակերպիչն է։

Մանրամասներին կանդրադառնանք։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ