Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

2341
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 345 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 82 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ կանչ: 

Փրկարարները 156 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել, սակայն օձ չի հայտնաբերվել: Արգելափակված 10 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 10 մարդ:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հայկ Հովսեփյան փողոցի բնակարաններից մեկում նռնակ է հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի մոտենալը: ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը նռնակը տեղափոխել է զինված ուժերի զորամասերից մեկի հրաձգարան եւ պաշտպանության նախարարության սակրավորների հետ համատեղ ոչնչացրել: Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սպիտակ քաղաքի մատույցներում գտնվող Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում մթության պատճառով քաղաքացիներն են մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները վեց քաղաքացու փրկարարական մեքենայով տեղափոխել են Սպիտակ քաղաք: Նույն մարզի Վանաձոր քաղաքում փրկարարները օգնել են համայնքային իշխանությանը էտել ուժեղ քամիների ժամանակ վտանգ ներկայացնող բարձր ծառերը: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում տղան բարձրացել է շինության տանիք եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները 14 տարեկան տղային իջեցրել են տանիքից:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիրջում մանկապարտեզի խոհանոցում», «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացում», «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումն ուսումնական հաստատություններում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: