Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ վերանորոգվել են ջոկատների վարչական շենքերը

Փրկարարական տարվա ամփոփում․ վերանորոգվել են ջոկատների վարչական շենքերը

2298
Տարածել

Հունվարի 20-ին Վայոց ձորի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են նախորդ տարում կատարված աշխատանքը։

2019 թվականին Վայոց ձորում գրանցվել է 572 արտակարգ դեպք-պատահար (2018 թ.` 484): Զոհվել է 16, մարմնական վնասվածքներ ստացել 114 մարդ։ Փրկվել է շուրջ 94  քաղաքացի։

Հրշեջ-փրկարարներն արձագանքել են հրդեհի 224 դեպքի, հիմնականում՝ բուսածածկ տարածքներում: 2018 թ. համեմատ հրդեհների քանակն աճել է 21-ով։

Մարզային փրկարարական վարչության մասնագետներն ուսումնասիրել են մարզում առկա քարաթափման եւ սողանքային վտանգավոր տեղամասերը, վթարային բնակելի շենքերը, Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի հեղեղավտանգ հատվածները։ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում իրականացվել է հարկադիր քարաթափում։ Կատարվել է մարզի բնակելի շենքերի, մասնավոր տների բնակիչների պատսպարման վայրերի վերաբերյալ տվյալների հավաքագրում։

Մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմը մասնակցել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կազմակերպած՝ ահազանգերի սպասարկման, երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ սեմինարին, իսկ հրշեջ-փրկարարական ջոկատների 20 ծառայող՝ հոգեդիագնոստիկայի դասընթացների։ Արտակարգ իրավիճակների նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության 2017-2019թթ. եռակողմ համագործակցության շրջանակում «Առաջին օգնության հիմունքներ»  դասընթացների մասնակցության վկայագիր ստացել 13 հրշեջ-փրկարար։

Վարչության նախաձեռնությամբ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարականների համար  հուլիս եւ  օգոստոս ամիսներին պարբերաբար կազմակերպվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման եւ պարանային տեխնիկայի կիրառման վերաբերյալ դասախոսություններ, գետնանց։

Նախորդ տարի Վայքի եւ Ջերմուկի ՀՓՋ-ներում իրականացվել են կապիտալ շինարարական աշխատանքներ։ Եղեգնաձորի ՀՓՋ-ը համալրվել է  «ԶԻԼ-131» մակնիշի մեքենայով։

Արագածոտնում գրանցվել է 1007 արտակարգ դեպք (2018 թ․՝ 808), որոնց հետեւանքով զոհվել է 15, մարմնական վնասվածք ստացել 112 մարդ: 712 տեխնածին դեպքերից 639-ը եղել է հրդեհ։ Գրանցվել է թունավորման 88 դեպք, տուժել է 95 քաղաքացի։

Մարզային վարչությունը վերանայել է անտառային եւ բուսածածկ տարածքների առավել մոտ գտնվող համայնքները եւ մեթոդական օգնություն ցուցաբերել այդ համայնքներում կամավոր հրշեջ- փրկարարական խմբեր ստեղծելու գործում:

Մարզի 20 դպրոցում ստուգվել է աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակում գործելու պլանների կիրարկելիությունը, վարչության հետ համաձայնեցվել է 89 ուսումնական հաստատության պլան։ 200 եւ ավել աշակերտ ունեցող 27 դպրոցում ստեղծվել եւ թարմացվել են պատանի հրշեջ -փրկարարական թիմերը։

Վարչության եւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման եւ «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» թեմաներով դասընթացներին, կենդանիների փողային ներարկիչի վերաբերյալ դասընթացի, իսկ Ապարանի եւ Աշտարակի ՀՓՋ հրամանատարները վերապատրաստում են անցել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի հակահրդեհային պաշտպանության ակադեմիայում։

Նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից էր կառավարության  հատկացրած միջոցներով Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի ՀՓՋ-ների վարչական շենքերի հիմնովին վերանորոգումը։ Շարունակվում են նաեւ վարչության նոր շենքի շինարարական աշխատանքները:

Արձանագրված թերություններից են գրեթե բոլոր համայնքներում եւ կազմակերպություններում բնակչության պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի ոչ պատշաճ իմացությունը, քաղաքացիական պաշտպանության ոլորտի հաստիքային ծառայողի բացակայությունը։ Հրատապ լուծում է պահանջում մարզի տարածքում հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրավազանների եւ հիդրանտների սակավության խնդիրը, ինչի պատճառով հրշեջ-մեքենաները ջրով լիցքավորելու համար հաճախ վերադառնում են բազա եւ ժամանակ կորցնում։

Կոտայքում գրանցվել է 2746 դեպք-պատահար (2018 թ․՝ 2597): 1597 տեխնածին դեպքերից 1477-ըեղել է հրդեհ։

Նախորդ տարում վարչության մասնագետները հավաքագրել են Կոտայքի մարզի տարածքում տեղակայված պաշտպանական կառույցների պիտանելիության եւ դրանց կցագրված, ինչպես նաեւ պաշտպանական կառույցներին չկցագրված բնակչության մասին տեղեկություն, աշխատանքներ են տարվել Գառնի եւ Ծաղկաձոր համայնքներում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման նպատակով հրշեջ հենակետերի եւ փրկարարական միավորումների ստեղծման ուղղությամբ: Հիմնովին վերանորոգվել են Եղվարդի, Չարենցավանի եւ Հրազդանի ՀՓՋ-ները։

Մարզի մի շարք գյուղական համայնքներում անհնար է ջրի լիցքավորումը ջրաղբյուրների բացակայության պատճառով, բնակավայրերում կան չգործող հիդրանտներ: ՃՏՊ-ներին եւ այլ դեպքերին արագ արձագանքման համար անհրաժեշտ են փրկարարական գույքով համալրված ամենագնաց մեքենաներ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Կոլաժը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ