Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

809
Տարածել

Նոր ճանապարհը կկապի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները՝ Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն: Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Շինարարությունն իրագործվելու է Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով: Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մ լայնությամբ, շուրջ 5,4 կմ երկարությամբ:

«Արդեն երեք տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագիր ենք կյանքի կոչում, որը կշարունակվի նաև առաջիկա տարիներին և կընդգրկի Երևանի այլ վարչական շրջաններ ևս: Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսում ենք ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կմ երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, ինչը, հաստատ, մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- ճանապարհի հիմնարկեքի արարողությանն ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: