Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կաթսայատան գոլորշին թողել է հրդեհի տպավորություն

Կաթսայատան գոլորշին թողել է հրդեհի տպավորություն

2263
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 264 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 59 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 11 կեղծ կանչ:

Փրկարարները 114 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւան քաղաքի Աջափնյակ, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր եւ Էրեբունի վարչական շրջաններում, Լոռու եւ Տավուշի  մարզերում։

Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ:

Այլ կանչեր

Ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Տեղազննման արդյունքում պարզվել է, որ կաթսայատնից դուրս եկող գոլորշին թողել է հրդեհի տպավորություն:

Արթիկի «Լմբաթ» թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում՝ բարձր լարման մոտ 1 մ խորությամբ բջջի խցում, հայտնաբերվել է կազմակերպության հոսանքահարված աշխատակցի դին։ Հրշեջ-փրկարարները խցից դուրս են բերել քաղաքացուն։