Գլխավոր Նորություններ ԱՖՐԻԿԱՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

ԱՖՐԻԿԱՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

911
Տարածել

Հետահայաց պատումներ բժշկուհի Արմինեի ճամփորդությունից

Բժիշկներ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, որոնք մեկ ամիս շարունակ փոխարինում էին Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիր Թոմ Քաթինային, արդեն Հայաստանում են: Չնայած երկար ճանապարհի դժվարություններին՝ մասնագետներին հաջողվել էր անվտանգ տեղ հասնել, շահել տեղացիների և բուժանձնակազմի վստահությունը, աշխատանքային տարրական պայմաններում բարդ միջամտություններ անել, բազմաթիվ ծնունդներ ընդունել:

Ստորև ներկայացնում ենք գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանի հետ մեր զրույցը աֆրիկյան արտասովոր ճամփորդության մասին;

Քենիայից Սուդան՝ երազանքի հետքերով

12 տարեկանից ապրել եմ Մոսկվայում, ավարտել Իվան Սեչենովի անվան թիվ 1 բժշկական համալսարանը: Մայրս բուժքույր է, անհաս երեխաների բաժնում էր աշխատում. երազանքն էր, որ մանկաբարձ-գինեկոլոգ դառնամ: Մասնագիտությանս հարցում չսխալվեցի: Դեռ այն ժամանակ Աֆրիկան գրավում էր ինձ: Ծանոթներիցս մեկի առաջարկով նամակ գրեցի Քենիայի Լամու կղզում գտնվող հիվանդանոցի ղեկավարությանը կամավոր աշխատելու նպատակով: Որևէ խնդիր չեղավ. առաջին իսկ օրվանից վիրահատարան մտա: 20 հազարից ավելի բնակչություն ունեցող տարածաշրջանում մեկ նորավարտ բժիշկ էր աշխատում. ամեն միջամտություն հանձն էր առնում: Մի անգամ վիրավոր ձկնորսի բերեցին, որին վրաերթի էր ենթարկել մոտորանավակը, երբ վերջինս սուզվել էր խարիսխի հետևից: Մարմնի վրա կտրվածքներ էին, դժվարությամբ արնահոսությունը դադարեցրինք: Հետո հասկացա, որ կղզում իրական բժշկություն սովորելու շանսերը սահմանափակ են, տեղափոխվեցի ծովափնյա Մալինդի և աշխատանքի անցա «Թոուֆիք» մասնավոր հիվանդանոցում: Հիմնական փորձը, սակայն, ձեռք բերեցի տեղի միակ անվճար բուժհաստատությունում՝ Մալինդիի քաղաքային հիվանդանոցում, որտեղ օրական մինչև 10 կեսարյան հատում էի կատարում: Քենիացի կանայք սովորաբար տանն են ծննդաբերում, բժշկի դիմում են միայն ծայրահեղ դեպքում: Այդ պատճառով պլանային վիրահատություններ գրեթե չէինք ունենում: Քենիայում շատ բան սովորեցի, նույնիսկ՝ ոչ մասնագիտական հմտություններ: Ընդհանուր առմամբ՝ կրթական համակարգն էր ուրիշ. ինտերնատուրան ավարտած ուսանողն անմիջապես պրակտիկ աշխատանքի է անցնում: Երբ Սուդան մեկնելու առաջարկ ստացա, անվարան համաձայնեցի:

Ոգեշնչված էի Թոմ Քաթինայի պատմությունից. նա իր գործում եզակի է, թեև բազում սպիտակամորթ մարդկանց եմ հանդիպել, որոնք փոքրիշատե Թոմ են՝ նույն մարդասիրական ոգու և արժեքների տեր:

Ի սկզբանե վախենում էի, քանի որ պատերազմական գոտի էինք մեկնում: Նուբայի լեռներ հասնելու համար հարկավոր է ժամանել Հվ. Սուդանի մայրաքաղաք Ջուբա, ապա թռչել դեպի «Յիդա» փախստականների ճամբար և ճանապարհը շարունակել ամենագնացով: Ջուբայում մեր թռիչքը հետաձգեցին՝ օդային տարածքը փակ էր. պարզվեց՝ պաշտպանության նախարարին են պաշտոնանկ արել: Հյուրանոցից դուրս չեկանք: Կրակոցներ էին: Երկրորդ օրը հասանք «Յիդա». ծղոտե տներ՝ պատառոտված ծածկով, աղքատիկ շուկա, 50 հազար սովյալներ և պահապան զինյալներ: Ծանոթացանք «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կամավորների հետ. վիրահատարան չունենալու պատճառով միայն թերապևտիկ բուժօգնություն էին կարողանում ցուցաբերել: Ծանր հիվանդները ստիպված էին 7 ժամվա ճանապարհ կտրել Թոմի հիվանդանոց հասնելու համար: Այս սեզոնին մեծ խոչընդոտ են եղանակային պայմանները: ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագրում աշխատող մի հայ տղա կար՝ Արամ Գևորգյան անունով, որը Նուբայից «Յիդա» երկու օրում էր անցել: Սկզբում ցեխի մեջ թողել էր մեքենան, ապա կորցրել կոշիկները և բոկոտն շարունակել ճանապարհը: Օձը խայթել էր նրան: Ամբողջ գիշեր ծառի տակ քնած էր անցկացրել, հազիվհազ հասել ճամբար: Նուբայի լեռներ անվտանգ հասնելը հրաշք էր թվում:

 

Պատերազմը սովորեցրեց լռել

Մեկ ամսվա ընթացքում ռմբակոծություններ չեղան: Երբեմն՝ ամպրոպի ժամանակ, նկատում էինք՝ ինչպես են բուժքույրերն իրար խառնվում. ամպրոպի ճայթյունը նրանց պայթյուն էր թվում: Գիշերային ժամերին վախս ավելի էր սաստկանում: Մարդ չի կարող անընդհատ վախի մեջ ապրել, հաշտվեցի իրավիճակի հետ:

Մայիսի 14-ին ծննդյանս օրն էր: Անակնկալի չէի սպասում: Գևորգն առավոտյան մի այծ գտավ, խարույկի վրա խորովեցինք: Թոմը միակ սառնարանից բերեց թերևս ամենաթանկ ընծան՝ շոկոլադե սալիկ, այցելուներն էին նրան նվիրել: Հաջորդ առավոտյան նրան ճանապարհեցինք Հայաստան: Նոր կյանքն իր հունի մեջ մտավ: Սարքավորումները հին էին, սակայն կիրառելի, դեղամիջոցների հիմնական բազա կար: Ի սկզբանե մտահոգությունս արգանդի միոմայով մի կին էր, որը շարունակական արնահոսություն ուներ: Հակաբորբոքային բուժման և արյան փոխներարկման ապարդյուն ջանքերից հետո արգանդը հեռացնելու որոշում կայացրեցինք, թեպետ Թոմը զգուշացրել էր հնարավոր վտանգների մասին: Զավակ չունեցող երիտասարդ կնոջ համար ծանր էր նման քայլի գնալը: Տղաներն ինձ շատ օգնեցին: Երկրորդ օրվանից հիվանդն արդեն մահճակալում չէր, սաստիկ ցավը դեմքից վերացել էր, սկսել էր ժպտալ: Մեկ ուրիշ անգամ արգանդի վզիկի քաղցկեղ հեռացրինք, մի բան, որը երբեք չէինք արել: Գինեկոլոգիական բաժնի բուժքույրերը հատկապես ոգևորված էին կոսմետիկ կարով, որից գրեթե հետք չի մնում: Թոմը նույնիսկ կատակեց, թե նման կտրվածքով կարելի է լողափ գնալ:

Կաթոլիկ հիվանդանոցում ընդունված չեն հակաբեղմնավորիչները: Շատ կանայք հղիանում են կրծքով կերակրելուն զուգահեռ, արդյունքում առաջին երեխան ունենում է սպիտակուցային թերսնում. մարմինը հյուծվում է, որովայնը՝ փքվում: Մյուս վտանգը հղիության արհեստական ընդհատումն է, որը տեղացիները վստահում են մարդու անատոմիայից գաղափար չունեցող հեքիմներին: Թե՛ Քենիայում, թե՛ Նուբայում տարածված է կանանց թլպատումը: Անմարդկային այս սովորույթը կնոջ հասունության և ամուսնական հավատարմության վկայությունն է: Ցավալին այն է, որ շատերը, նույնիսկ՝ տեղի բուժաշխատողները, երևույթը նորմալ են համարում, այնինչ դա կարող է հաշմանդամության հանգեցնել:

Պատերազմը ծանր հետք է թողել նուբացիների կյանքում: Նրանք սառն են, զուսպ իրենց զգացմունքներում, նույնիսկ կարող է թվալ, թե քեզ արհամարհում են: Գերադասում են լռել, եթե անգամ հարցի պատասխանը գիտեն: Ազգային մշակույթի առանձնահատկություն է: Առանց խոսելու պատասխանելը նրանցից եմ սովորել:

 

«Գլգլիկն» ու «քարկտիկը»

Քենիայի շոգ կլիմայի պայմաններում ապրելուց հետո Նուբայում հեշտությամբ հարմարվեցի: Մշտական ջրամատակարարում չկար, թեև ջրի պակաս չէր զգացվում: Խմելու ջուրը ջրհորից էինք բերում: Դաշտային զուգարաններից  հնարավոր չէր օգտվել հատկապես գիշերը՝ կարիճների և օձերի պատճառով: Նուբայում կապի միջոցներ չկան, տղամարդիկ անձը հաստատող փաստաթուղթ չունեն: Այդպես էլ չհասկացա՝ ինչպես են ընտանիքի ապրուստը հոգում: Սորգոմ (հացահատիկի տեսակ), լոբի և եգիպտացորեն էին աճեցնում: Այծերը, խոզերը, ոչխարներն ու կովերը չոր խոտածածկի պատճառով թույլ էին ու հյուծված: Հավեր կային, սակայն ոչ ոք ձու չէր ուտում. ձուն ճուտ էր նշանակում: Նույնիսկ հրաժարվեցին վաճառել: Մեկական ձու նվեր ստացանք: Ամենօրյա ճաշացանկը միատեսակ էր՝ մակարոն, լոբի, բրինձ, մսամթերքը՝ հազվադե՜պ ճոխություն:

Նուբայում կենցաղի և երեխայի դաստիարակության հոգսը կնոջ ուսերին է: Մեզ հյուրընկալեց Թոմի կինը՝ Նասիման, որը համեստ, ժպտերես ու ամաչկոտ կին էր: Ամեն ինչ անում էր, որ գոհ մնանք: Նման վերաբերմունքի արժանացրին նաև մենաստանի միանձնուհիները:

Նուբացի կանայք ուշադիր են իրենց արտաքինի նկատմամբ: Ի տարբերություն քենիացիների՝ նրանք հետևում են հիգիենային, հինայով նախշազարդում վերջույթները, հյուսում ծամերը: Գեղեցկության խորհրդանիշ են համարվում դաջվածքները, գոտկատեղին ամրացված ուլունքներն ու շատ մեծ ականջօղերը: Ընդունված է բազմակնությունը: Ավանդույթ է երեխաներին հարազատին «ի պահ տալը». օրինակ՝ 15-ամյա Կաչիրին, որը Նասիմայի քրոջ աղջիկն է, ապրում է Թոմի տանը:

Հագուստ գնելու հնարավորություն ոչ բոլորն ունեն: Միակ ունեցածը լվանում են, արդուկում՝ պատարագի ժամանակ կրելու համար: Շատ երեխաների հագին հնամաշ կոշիկներ էին: Նուբացի փոքրիկները մեր պես «գլգլիկ» պատրաստել գիտեն. երկար ձողի վրա շրջանաձև իր են ամրացնում ու գլորում: Երբեմն «քարկտիկ», «կլաս» են խաղում կամ ավազոտ բարձրությունից իջնում «սահնակով»: Աղջիկների և տղաների ֆուտբոլային թիմերն առանձին են: Դպրոց կա, որտեղ արաբերեն, անգլերեն, մաթեմատիկա և աշխարհագրություն են սովորեցնում: Ուսուցիչները հարևան Ուգանդայից կամ Քենիայից են: Դասերն ավարտելուց հետո բոլորը միասին աղոթում են ու տուն գնում: Տարբեր կրթական ծրագրերի շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեն մայրաքաղաքում ուսումը շարունակելու: Դարբիններ, դերձակներ, բուժակներ, մսագործներ ու առևտրականներ՝ ահա հիմնական մասնագետները:

 

Ամուսնության «գլխագին»

Մուսուլմանները սովորություն ունեն ծննդաբերությունից անմիջապես հետո աղոթելու նորածնի համար՝ սև մատիտով նախշազարդելով նրա ճակատն ու պորտալարի շուրջը: Ըստ համոզմունքի՝ դա պաշտպանում է երեխային չար ուժերից:

Հետաքրքիր է հատկապես աղջիկ «ամրագրելու» սովորությունը: Ամուսնությունից առաջ տղայի ընտանիքն այցելում է աղջկա ծնողներին, «խոսքկապ» անում, ինչից հետո զույգը դուրս է գալիս զբոսնելու: Աղջկա ձեռքը տալու համար նրա ծնողները տղայից անասունի որոշակի գլխաքանակ կամ գումար են պահանջում: Եթե վերջինս ի վիճակի չէ վճարելու, աղջկա հորական տանը կից փոքրիկ տնակ է կառուցվում հարս ու փեսայի համար: Նույնիսկ երեխաներ ունենալու դեպքում տղամարդուն չի թույլատրվում կնոջն իր տուն տանել, քանի դեռ նախատեսված «գլխագինը» չի վճարել: Դրան հաջորդում է «կեղծ» հարսանիքը՝ երգի ու պարի ուղեկցությամբ, իսկ մի խումբ կանայք շրջում են գյուղում՝ ավետելով ամուսնության լուրը:

 

Հարցազրույցը՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Հ.Գ. Հեռավոր Սուդանը իսկական բացահայտում էր երիտասարդ մասնագետի համար: Ամեն օրը պայքար է ապրելու, մի կտոր հացի համար: Պատերազմի դառնությունը ճաշակած լեռնցիները շարունակում են մնալ արժանապատիվ, պահպանել մարդկային որակը. «Մեր այցելությամբ փորձեցինք ցույց տալ, որ աշխարհում այլ մշակույթներ կան: Նրանք էլ այնքա՜ն բան կարող են մեզ տալ, փոխել մեր մտածելակերպը: Կարելի է ճամփորդել, փոխանակել քո փորձը, անվճար օգնել դիմացինին. ի վերջո, կյանքում ամեն ինչ փողով չի չափվում: Աֆրիկացիներից կարելի է սովորել վեր դասել մարդկային հարաբերությունները նյութականից»: