Գլխավոր Միջոցառումներ Որակավորման քննություններ՝ Սյունիքում

Որակավորման քննություններ՝ Սյունիքում

678
Տարածել

Հուլիսի 22-27-ը Սյունիքի մարզում անցկացվեցին մարզի փրկարարական ստորաբաժանումների որակավորման քննություններ եւ քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի 32-ժամյա վարժանք:

Վերահսկող աշխատանքային խմբի անդամ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանի խոսքով՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի եւ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն իրենց լավագույն կերպով դրսեւորեցին, ոմանք արժանի են մասնագիտական առաջխաղացման։ Հատկապես աչքի ընկան Գորիսի փրկարարները։ 

Հուլիսի 24-ին եւ 25-ին հանձնաժողովի անդամները մասնակցել են նաեւ ՔՈՓ թիմի 32-ժամյա վարժանքին։ Ըստ սցենարի ՝ հաղորդում է ստացվել Եղեգնաձորից երկու կիլոմետր հարավ-արեւելք գրանցված երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա։ Կատարվել է ՔՈՓ թիմի ազդարարում, հավաք, դեպքի վայրում ծավալվել է բազա։ Փլուզված շենքում եւ փլատակներում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, տուժածների հայտնաբերում եւ տեղափոխում անվտանգ վայր։ «Տղաները բավականին լավ աշխատեցին թե՛ հիդրավլիկ, թե՛ պնեւմատիկ գործիքներով։ Տեխնիկական որոնողական սարքի միջոցով տուժածն արագ հայտնաբերվեց, ցուցաբերվեց առաջին օգնություն։ Գովելի էր այն, որ թիմում ընդգրկված էին նաեւ նոր ընդունված ծառայողները, որոնք պետք է փոխարինեն ավագներին»,- հավելեց Հովհաննես Բադալյանը։ 

Հայաստանն ունի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող մեկ եւ ներքին՝ ազգային որակավորում ունեցող չորս ՔՈՓ թիմ՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ: Այս տարի Սյունիքից բացի, 32-ժամյա վարժանքներ են անցկացվել Շիրակում եւ Լոռիում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները