Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ազատել են երեխայի ոտքը

Փրկարարներն ազատել են երեխայի ոտքը

352
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 864 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 487 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 49 կեղծ կանչ: 

Փրկարարները 185 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Նոր նորք, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 13 դեպքում:

Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աէրացիա թաղամասի բնակիչներից մեկի մատանին մնացել է մատին, մատն այտուցվել է, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մատանին դուրս են բերել 46-ամյա կնոջ մատից: Իսկ Աջափնյակում հրշեջ-փրկարարները մատանին հանել են 34-ամյա կնոջ մատից: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում երեխայի ոտքը արգելափակվել է նստարանի ճաղավանդակների միջեւ: Հրշեջ-փրկարարները երեխայի ոտքը դուրս են բերել արգելափակումից: 

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Տուժածների տարհանում պարանների միջոցով», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Պայթուն եւ հրդեհ», «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Բացազատում, հրդեհաշիջում եւ տարհանում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: