Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

1339
Տարածել

2018 թվականի հունիսին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 156 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019-ի հունիսի 14-ին՝ 20 210, մայիսի 14-ին՝ 20 092 ԱՎՕ: Վերջին մեկ տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 5,5 տոկոսով, իսկ վերջին մեկ ամսում՝ 0,58 տոկոսով:

Տարեսկզբից մինչեւ հունիսի 15-ը Հայաստանում գրանցվել է 396 ԱՎՕ, որից մոտ 60-ը՝ վերելակ: Նաեւ ամբարձիչ հեծանային կռունկ, կամրջակային կռունկ, տելեսկոպիկ բեռնաբարձիչ, ախտահանման տեղամաս, լողավազանի քլորացման տեղամաս, լվացող միջոցների արտադրության արտադրամաս, հեղուկ գազի լցակայան, ֆրեոնային սառնարան, հակակարկտային կայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների կեսից ավելին վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: