Գլխավոր Միջոցառումներ Աշակերտ-«հրշեջ». Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ

Աշակերտ-«հրշեջ». Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ

2224
Տարածել

Մարտի 27-ին Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում լվացքի հրդեհը մարելու եւ մինչեւ փրկարարների ժամանելը կրակի տարածումը կանխելու համար, ԱԻ նախարարի հրամանով պատվոգրերի են արժանացել Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի աշակերտներ Գագիկ Հովակիմյանն ու Նարեկ Խաչատրյանը։

Պատվոգրերի հանձնման արարողությանը ներկա են եղել Երեւանի փրկարարական վարչության պետ տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Զավեն Մելքոնյանը,  Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանը, Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյանը եւ  թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանը։

9-րդ դասարանցի 14-ամյա Գագիկը պատմում է՝ դպրոցից տուն վերադառնալիս ընկերոջ հետ ծուխ են նկատել, մոտենալով հասկացել, որ լվացքի պարան է բռնկվել։ Տղաները փորձել են հրդեհը մարել անմիջապես տուժողի բնակարանից, որում միայն անչափահաս երեխա է եղել։  Ջրով հրդեհաշիջելու ապարդյուն փորձերից հետո Գագիկը ձեռքերով պոկել է լվացքը եւ նետել գետնին։ Հաջողվել է փրկել պարանին կախված գորգը։ Նախնական վարկածով՝ հրդեհն առաջացել էր ծխախոտի մնացուկից։

«Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ»,- համեստորեն նշում է աշակերտը եւ հավելում՝ բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել։

Գագիկը հրդեհաշիջման հմտություններին ծանոթ էր «Ռազմագիտություն» առարկայից։ Զբաղվում է բասկետբոլով եւ ուժային ըմբշամարտով, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան է։ Արդեն մասնագիտական ընտրություն է կայացրել` բժիշկ է դառնալու։

13-ամյա Նարեկը սովորում է  7-րդ դասարանում։ Նրա խոսքով, հարեւանի՝ կախ ընկած լվացքի պարանը հասել էր մինչեւ իրենց տուն։ Հրդեհը ճիշտ մարելուն օգնել էր տարբեր աղբյուրներից ստացած գիտելիքը, թեեւ խոստովանում է՝ իրականում ամեն ինչ ավելի դժվար էր։ Նարեկը մեծ ֆուտբոլասեր է, խոհարարությամբ է զբաղվում։

Այս մարդասիրական քայլով ընկերներն ապացուցեցին, որ ամեն ոք կարող է իր փոքրիկ ներդրումն ունենալ եւ կանխել մեծ աղետը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարտին Գաբրիելյանը