Գլխավոր ՀՀ ՆԳՆ INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ 36-ժամյա վարժանքը լուսանկարներով

INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ 36-ժամյա վարժանքը լուսանկարներով

3729
Տարածել

Ապրիլի 15- առավոտյան 6:30-ին ՀՀ ԱԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 6,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանի Բամ քաղաքի մատույցներում: Սա Հայաստանում անցկացվող 36-ժամյա վարժանքի սցենարի առաջին կետն է: Վարժանքը «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է եւ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի 2020 թվականին նախատեսված վերաորակավորման հիմնական քայլերից:

Վարժանքին մասնակցում է 50 փրկարար: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների երրորդ կուրսերի ուսանողները տուժածների նմանակողներ են: 36-ժամյա աշխատանքներին տարբեր տեղամասերում հետեւում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարությունը։

Վարժանքի սցենարը առավելագույնս մոտ է իրականին, նախատեսված են երկրաշարժին հաջորդող որոնողափրկարարական աշխատանքների բոլոր բաղկացուցիչները՝ ՔՈՓ թիմի անձնակազմի հավաքից, բժշկական զննումից, փաստաթղթերի ճշգրտումից մինչեւ կապ տեղական իշխանությունների հետ, աղետի տեղանքի հետախուզում, որոնողափրկարարական աշխատանքներ: Մնացածը՝ լուսանկարներով:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված է 2020 թվականին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ