Գլխավոր ՀՀ ԱԻՆ INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. 36-ժամյա վարժանք Հայաստանում

INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. 36-ժամյա վարժանք Հայաստանում

4600
Տարածել

Ապրիլի 8-12-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց դասընթաց` «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ստացած հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի համար: Նպատակը՝ հարստացնել անձնակազմի տեսական գիտելիքներն ու կատարելագործել գործնական հմտությունները: Շարունակությունը ապրիլի 15-ին եւ 16-ին անցկացվող դաշտային 36-ժամյա վարժանքն է ողջ թիմով՝ 50 փրկարարով:

Ըստ վարժանքի սցենարի, Իրանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ, տուժել է մեկ քաղաք եւ հարակից 13 գյուղ, նախնական տվյալներով կա մոտ 10 000 զոհ, մոտ 20 000 տուժած (վիրավորված) մինչեւ 35 000 մարդ մնացել է անօթեւան:  Իրանը մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Հայաստանն արձագանքել է:

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի խոսքով, այս վարժանքը 2020 թվականին նախատեսված մեր ՔՈՓ թիմի վերաորակավորման հիմնական քայլերից է եւ եթե թերություններ լինեն՝ պետք է շտկվեն, զարգացվեն Հայաստանի ներքին կարողությունները: Վարժանքին հետեւելու են գերմանացի եւ շվեյցարիացի փորձագետները: Այս վարժանքում կիրառվելու են INSARAG-ի սահմանած նոր առաջնահերթությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկությունների արագ փոխանակման համակարգեր: Հայաստանը որոշել է մեկ քայլ առաջ անցնել եւ կիրառելու է անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ: INSARAG-ն առայժմ նման պահանջ չի դնում, բայց ակնհայտ է, որ ապագայում ԱԹՍ-ների կիրառումը դառնալու է INSARAG-ի որակավորման ստուգաթերթի պարտադիր կետ:

Հայաստանում անցկացվող վարժանքի տեղամասերի նախապատրաստման եւ գործնական միջոցառումների վերահսկման խումբը կազմված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներից: Տեղամասերն արդեն ընտրված են: Գործողություններ կլինեն փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ ՃԿԱԿ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում՝ ՀՆՓԱԻԿ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ ՃԿՊԱ եւ ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, Արզնու ձորում, այլուր: Օրինակ հայկական ՔՈՓ թիմը կհավաքվի ՀՆՓԱԻԿ-ում: ՀՆՓԱԻԿ-ը Կոտայքի մարզի Գետագել գյուղում է: Գյուղի դպրոցը Հայաստանի օդանավակայանի դերում կլինի, նույն մարզի Նոր Գեղի գյուղի կենցաղի տունը՝ Իրանի օդանավակայանի, ՃԿՊԱ-ն՝ մաքսային եւ սահմանահատման խաղարկման վայր, Իրանում մեր փրկարարների տեղակայման բազան՝ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնը, Արզնու ձորի կիսակառույց շինությունը՝ փրկարարական աշխատանքների իրականացման տեղամասը եւ այլն:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված է 2020 թվականին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ