Գլխավոր Վերլուծություն Հայաստանը կունենա սեյսմակայուն դպրոցներ

Հայաստանը կունենա սեյսմակայուն դպրոցներ

3049
Տարածել

Հայաստանի դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել եւ կառուցվել է մինչեւ Սպիտակի երկրաշարժը: Ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից 1998 թվականին կազմված եւ հաստատված ՀՀ տարածքի սեյսմիկ գոտիացման նոր քարտեզի՝ մինչեւ 1988 թվականը կառուցված շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը սահմանվել է 7-8 բալ` ըստ MSK-64 բալայնության սանդղակի։ Ակնհայտ է, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ (5,5 եւ ավելի մագնիտուդով) Հայաստանում կփլուզվեն բազմաթիվ շենքերի կամ նրանց առանձին մասեր, ինչը կբերի զոհերի եւ մեծ նյութական կորուստների:

Հայաստանում ներկայումս սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենք-շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ նշանակության հաստատություններին հատկացված ոչ բավարար ուշադրությամբ։

ՀՀ կառավարության՝ 1999 թվականին ընդունված երկու որոշում (07.06.1999, N 392-Ն եւ 10.06.1999, N 429-Ն) ուղղված են Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը, որն իր մեջ ներառում է նաեւ հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության նվազեցումը։ 2014-2015 թթ․ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF, աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման եւ երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակներում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը վերլուծել է Հայաստանի Հանրապետության դպրոցների 20 տիպային նախագիծ, մշակվել են դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման չափորոշիչները, ինչի արդյունքում հանրապետությունում առկա դպրոցներից ընտրվել են «ամենառիսկային» 60-ը եւ կատարվել է այդ դպրոցների ակնադիտական եւ գործիքային մանրամասն հետազննություն: Դպրոցներից 12-ը Երեւանում են, մյուսները՝ մարզերում:

Ծրագրի արդյունքների հիման վրա կառավարությունը 2015թ. հուլիսի 23-ին ընդունել է երկու հավելվածից բաղկացած թիվ 797 որոշումը «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին»։

Սկզբնական փուլում Հայաստանում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցից ծրագրում ներառվել էր 495-ը։ Հաստատվել է սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցի ցանկը, այդ թվում՝ 60 «ամենառիսկային» դպրոցից 56-ը։ Կառավարության 2017թ. հունվարի 26-ի թիվ 97, ապա հուլիսի 13-ի թիվ 805 որոշումներով՝ դպրոցների թիվը դարձավ 425, եւ հաստատվեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցման եւ ամրացման ենթակա 20 դպրոցի ցանկը, թվով՝ 11264 աշակերտով։ Դրանք են՝

Երեւանում ՝ Ռ. Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական, Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական, Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական, Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ, Ղ․ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 միջնակարգ, «Հերացի» ավագ, թիվ 116 եւ թիվ 188 հիմնական դպրոցները եւ Հ․Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրը։

Մարզերում՝ Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական, Կապանի թիվ 7 հիմնական, Գավառի թիվ 2 միջնակարգ, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Վանաձորի թիվ 7 միջնակարգ եւ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցները։

2016թ. տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համակարգմամբ եւ UNICEF-ի աջակցությամբ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության վարչության մասնագետներն իրականացրել են բոլոր պետական դպրոցների սեյսմիկ անվտանգության նախնական եւ արագ գնահատում՝ դպրոցների տրամադրած լուսանկարների հիման վրա։ Արդյունքում ստեղծվել է տվյալների ընդհանուր բազա․ այն մասնագիտական փաստաթուղթ է, որը ներառում է 1385 դպրոցի յուրաքանչյուր մասնաշենքի տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության մակարդակի վերաբերյալ տեղեկություններ։

Պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը ավարտին է մոտենում։ Բյուջեն 107 մլն ԱՄՆ դոլար է, որից Ասիական զարգացման բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: Ըստ ծրագրի՝ 2020 թվականին մենք կունենանք 46 ուժեղացվող եւ նոր կառուցվող դպրոցների շենքերի մշակված նախագծեր, յուրաքանչուր դպրոցի համար կմշակվի արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների պլան, կգործարկվի տվյալների էլեկտրոնային տեղեկատվական բազա, կգնահատվի այդ դպրոցների համայնքների սեյսմիկ ռիսկը, բնակչությունը կուսուցանվի անվտանգ տներ կառուցելու եւ աղետների ժամանակ արագ արձագանքում կազմակերպելու հմտություններ եւ այլն։ Այդ նպատակով կներդրվի միջազգային լավագույն փորձը, կարդիականացվեն Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համալիր դիտակետերը, աշխատողները կվերապատրաստվեն։

Ներկայումս շինարարություն է իրականացվում Երեւանի թիվ 135 եւ 153 հիմնական, Վանաձորի թիվ 7 հիմնական, Կապանի թիվ 7 հիմնական, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ եւ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցներում։ Առաջիկայում մայրաքաղաքում կապամոնտաժվի եւ կվերակառուցվի սեյսմիկ անվտանգության առումով խոցելի, քաղաքաշինական բարելավման ենթակա 6 դպրոց։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ