Գլխավոր Միջոցառումներ ՔՊ միջոցառումներ մարզերում

ՔՊ միջոցառումներ մարզերում

3042
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության օրվա շրջանակներում շարունակվում են ուսումնավարժությունները մարզային ուսումնական հաստատություններում։
«Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով վարժանք անցկացվեց Արագածոտնի մարզի Սադունց համայնքի հիմնական դպրոցում։ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Կարապետյանը բավարար գնահատեց անձնակազմի գործողությունները։ Թեպետ դպրոցում տարբեր թեմաներով բազմաթիվ ուսումնավարժություններ են անցկացվել, սակայն դպրոցականները, հատկապես՝ ցածր դասարանցիները, տագնապի ազդանշանը լսելուն պես փոքր-ինչ խուճապի են մատնվում։ «Բարձր դասարանցիներին բացատրեցինք, որ պետք է ուղղորդել փոքրերին դուրս գալ շենքից, այլ ոչ թե հրմշտել։ Ուսուցչական անձնակազմը բավական պատրաստված էր»,- մանրամասնեց հրամանատարը։
Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցում ուսումնավարժությունը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով էր։ Շենքից տարհանվել է մոտ 100 երեխա եւ հաշվառման ներկայացել բակում։ Չարենցավանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Հայկ Ասատրյանի խոսքով՝ երեխաներին բացատրվել են նաեւ պատսպարման գործողությունները, դպրոցի ղեկավարությանը տրամադրվել են հավելյալ ուսումնական նյութեր՝ տագնապի դեպքում երեխաների պաշտպանական վարքագիծն ավելի ամրապնդելու համար։ Զինղեկը պատրաստ է համագործակցության, փրկարարները հաճախ հրավիրվում են որպես դիտորդ մասնակցելու դպրոցում անցկացվող արտակարգ իրավիճակների թեմաներով միջոցառումներին։ Եռահարկ դպրոցի շենքը վերանորոգված է, տարհանման բոլոր ելքերը կիրառվում են՝ ելնելով աշակերտների մեծ թվաքանակից։ Հայկ Ասատրյանի հաղորդմամբ՝ միակ խնդիրը դպրոցի տարածք փրկարարական մեքենաների մուտքն է՝ շենքի ոչ հարմար տեղադրության պատճառով։

Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի պատսպարման թեմայով վարժանքներ են անցկացվել նաեւ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Ջերմուկի թիվ 1 հիմնական եւ Վայքի ավագ դպրոցներում։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Արմեն Գասպարյանը նշեց, որ ամեն տարի ՔՊ օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում դպրոցներում, եւ աշակերտները լիարժեք գիտեն օդային տագնապի դեպքում իրենց անելիքը։ Վարժանքներ են կազմակերպվել նաեւ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի միջնակարգ եւ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցներում։

Քաղաքացիական պաշտպանության օրվա առթիվ վարժանքներ են կազմակերպվել նաեւ այլ հաստատություններում: Օրինակ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները