Գլխավոր Միջոցառումներ Փորձարկվում է ԱՌՆ տեղեկատվական նոր գործիք

Փորձարկվում է ԱՌՆ տեղեկատվական նոր գործիք

2720
Տարածել

Փետրվարի 25-27-ն Աղվերանում անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցում» թեմայով հրահանգչային դասընթաց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ համագործակցությամբ։

Դասընթացին մասնակցում էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ:

Օրակարգային թեմաներից էին ԱՌԿ ազգային ռազմավարության մոնիտորինգային համակարգը, ԱՌՆ Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը, Հայաստանում աղետների պատճառով հասցված կորուստների տվյալների համակարգման ուղղությամբ ձեռքբերումները, բնակչության պաշտպանության պլանների մշակումը եւ այլն։

Քննարկումներ ծավալվեցին Սենդայի գործողությունների ծրագրի 7 հիմնական թիրախների շուրջ, այն է՝ մինչեւ 2030 թ. զգալիորեն կրճատել աղետներից մահացության մակարդակը, աղետներից տուժած մարդկանց թիվը, տնտեսական ուղղակի կորուստները, նվազեցնել աղետների հետեւանքով ենթակառուցվածքներին պատճառվող վնասներն ու կանխարգելել հիմնական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքի             խափանումը, մեծացնել տարատեսակ վտանգների համար նախատեսված վաղ ազդարարման համակարգերի թիվը, ինչպես նաեւ աղետների ռիսկի մասին բնակչության իրազեկվածությունը եւ այլն։

Մասնակիցները հնարավորություն ունեցան բովանդակային առումով ծանոթանալ եւ գործնականում կիրառել ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի մոնիտորինգի էլեկտրոնային գործիքը։ Սա միասնական տեղեկատվական ցանց է, որում ներառվելու են ԱՌԿ ազգային ռազմավարության ծրագրի շրջանակում կառավարության, տարբեր նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոլորտի այլ շահագրգիռ անձանց կողմից իրականացված միջոցառումների հաշվետվությունները, հանձնարարականները։

ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Մերի Սարուխանյանի խոսքով՝ հրահանգչային դասընթացները շարունակական են լինելու։ Մարտի 4-5-ն այսօրինակ դասընթաց կկայանա Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, մարզպետարանների ներկայացուցիչների համար։ Վերապատրաստված այս մասնագետները հետո վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն այլոց համար։ Գործընթացը վերահսկելու են ԱԻ նախարարությունն ու ԱՌՆԱՊ-ը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները