Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում՝ Արագածոտնի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում

Տարվա ամփոփում՝ Արագածոտնի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում

473
Տարածել

Արագածոտն

2018 թվականին մարզում գրանցվել է 981 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 766), որոնց հետեւանքով զոհվել է 25, մարմնական վնասվածքներ ստացել 115 մարդ։ Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 389-ը հրդեհ է (2017 թվականին՝ 275):

Սերտ է եղել համայնքների հետ համագործակցությունը։ Մարզային փրկարարական վարչությունն ուսումնասիրել է անտառային եւ բուսածածկ տարածքներին առավել մոտ գտնվող համայնքները, մեթոդական օգնություն ցուցաբերել այդ տարածքներում կամավոր հրշեջ փրկարարական խմբեր ստեղծելու հարցում, գործող կամավոր ջոկատներին ներկայացրել անտառային հրդեհների մարման վերաբերյալ EUROFIRE ուսումնական ձեռնարկը։ Համատեղ քայլեր են արվել ոռոգման ջրագծերում եւ սելավատարերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։

Իրականացվել է ապաստարանների եւ հակաճառագայթային թաքստոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։ Մեթոդական օգնություն է ցուցաբերվել 4 խոշորացված (Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ եւ Արագածավան) համայնքի քաղպաշտպանության պլաններ կազմելու գործընթացում։ Ուսումնասիրվել է ազդարարման համակարգի վիճակը։ Մարզին անհրաժեշտ է 129 շչակ, պակասում է 78-ը։

Տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են անտառային հրդեհների մարման, անօդաչու թռչող սարքերի հեռակառավարման, արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության եւ այլ թեմաներով դասընթացների։

Մարզի տարածքում ջրի լիցքավորման խնդիրն առաջնային է: Լեռնային եւ անտառային գոտիներում հրդեհաշիջման աշխատանք կատարելու համար ստորաբաժանումներին անհրաժեշտ են առաջնային հրդեհաշիջման միջոցներ։

Տավուշ

2018 թվականին մարզում գրանցվել է 363 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 498), որոնց հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 44 մարդ։ 302-ը տեխնածին դեպքերից 206-ը հրդեհ է (2017 թվականին՝ 333)։ Նյութական վնասը կազմել է 105 323 862 դրամ։

Մի շարք թիրախային համայնքներում անցկացվել են սողանքի ակտիվացման եւ հակառակորդի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության թեմայով ուսումնավարժություններ։ Նախորդ տարիների համեմատ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավար կազմի մոտեցումներն այս հարցերի շուրջ փոխվել են։ Շուրջտարի իրականացվել է Գետահովիտ համայնքում սողանքային մարմնի տեղաշարժի մոնիտորինգ։ «Տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացներին աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք համայնքների վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտման աշխատանքներ, ճշգրտվել են բազմաբնակարան վթարային շենքերը։

Հաշվի առնելով Տավուշի մարզում հայ-ադրբեջանական շփման գծի առկայությունը եւ 46 համայնքի սահմանամերձ լինելը, անհրաժեշտություն կա այս տարածքներում հրշեջ հենակետեր ստեղծել՝ արագ արձագանքման նպատակով։

Վայոց ձոր

2018 թվականին մարզում գրանցվել է 484 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 422), որոնց հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 134 մարդ:

Մարզի ուսումնական, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են տարբեր թեմաներով ուսումնավարժություններ։ Դրանցից մեկը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի «Փոքր գրանտային նախագծեր» ծրագրի շրջանակներում Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացված «Երկրաշարժ՝ դպրոցում․ աստիճանավանդակի փլուզում» թեմայով ուսումնավաժությունն էր, որի արդյունքում որոշվել է Գլաձորի եւ Ռինդի միջնակարգ դպրոցները կահավորել հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարհանման սխեմաներով։

Հրդեհների վտանգը նվազեցնելու նպատակով մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել է «Անտառային հրդեհների մարման վերաբերյալ» ուսումնական նյութերի լրացուցիչ արագընթաց ուսուցում:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Այլ մարզեր.

Գեղարքունիք եւ Շիրակ

Կոտայք եւ Լոռի

Արարատ եւ Արմավիր