Գլխավոր Վերլուծություն Աշխատանքային տարվա ամփոփում՝ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

Աշխատանքային տարվա ամփոփում՝ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

574
Տարածել

2018 թվականին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 548 արտակարգ դեպք (2017 թվականին` 615), զոհվել է 18 , մարմնական վնասվածքներ ստացել 59 մարդ։

328 տեխնածին դեպքերից 222-ը հրդեհ է (2017 թվականին՝ 228), նյութական վնասը կազմել է 41 966 513 դրամ։

Գավառ համայնքի Դեմիրճյան փողոցում փրկարարների մասնակցությամբ մաքրվել է 650 մ սելավատար։ Կատարվել է մարզի ապաստարանների վիճակի ուսումնասիրություն։ Ճշտվել է բնակչության ազդարարման համար նախատեսված շչակների տեխնիկական վիճակը: Առկա 41, ամբողջ մարզի ազդարարումն ապահովելու համար անհրաժեշտ է 117 շչակ։ Վարչությունն ու բոլոր ստորաբաժանումները ձեռք են բերել թվային ռադիոկայաններ, իսկ Գավառի եւ Ճամբարակի հեռուստաաշտարակներում տեղադրվել է 2 վերահաղորդակ։

Մարզում նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից է նոր գույքը։ Գավառի եւ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվել են մեկական «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներով, Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ջրափրկարարական գույքով հագեցած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունու ՀՓՋ-ը՝ BV-206 թրթուրավոր եւ «Կամազ» ամենագնացներով, հզոր գեներատորներով:

Արտակարգ դեպքերին առավել արագ եւ արդյունավետ արձագանքման նպատակով Արտանիշ համայնքում հիմնվել է հրշեջ-հենակետ:

Շիրակի մարզում գրանցվել է 581 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 661)։ Տարին անբարենպաստ է եղել հատկապես գյուղատնտեսության համար։ Կարկտահարության, ուժեղ քամու, հորդառատ անձրեւների, սելավի եւ ցրտահարության հասցրած վնասը կազմել է 3,1369 միլիարդ դրամ: Տուժել է 27 համայնք եւ 34 բնակավայր։

Մարզային փրկարարական ստորաբաժանումները մշտական վերահսկողություն են իրականացրել 2 քիմիական վտանգավոր օբյեկտում, որտեղ պահվում է ամոնիակ, քլոր: Ստուգվել է ազդարարման համակարգի վիճակը։ Մարզին անհրաժեշտ է 165 շչակ, առկա գույքի մեծ մասը վերանորոգման կարիք ունի։

Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակում Շիրակի փրկարարական վարչության եւ Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը, որը մասնակցել է 36 ժամյա դաշտային վարժանքի։ «Կառուցենք դիմակայուն համայնքներ Վրաստանում եւ Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարզի 25 թիրախային համայնքում ստեղծվել են 20 հոգանոց համայնքային թիմեր, որոնց տրամադրվել են պարզագույն փրկարարական գործիքներ, գույք եւ հանդերձանք։

Որոշ ջոկատներում հիդրավլիկ գործիքների եւ ջրափրկարարական գույքի անհրաժեշտությունն առաջնային խնդիր է։ Սպասարկման տարածքի մեծությունից ելնելով՝ առաջարկվում է Գյումրի քաղաքում եւս մեկ ջոկատ հիմնել։

Տարվա ընթացքում երկու Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի կրթօջախներում, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են ուսումնավարժություններ։ Վարչությունների աշխատակիցները մասնակցել են բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության թեմաներով համայնքային շտաբային քննարկումների, ցուցաբերել մեթոդական օգնություն աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ, պլանների մշակման գործում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Այլ մարզեր.

Կոտայք եւ Լոռի

Արարատ եւ Արմավիր