Գլխավոր Վերլուծություն Աշխատանքային տարվա ամփոփում՝ Կոտայքի եւ Լոռու մարզերում

Աշխատանքային տարվա ամփոփում՝ Կոտայքի եւ Լոռու մարզերում

681
Տարածել

Հունվարի 24-ին նախորդ տարվա աշխատանքային հաշվետվություն ներկայացրին Կոտայքի եւ Լոռու մարզային փրկարարական վարչությունները։

Կոտայքի մարզում գրանցվել է 2597 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 19  (2017 թվականին` 25), մարմնական վնասվածքներ ստացել 102 մարդ (2017 թվականին` 113): Արձանագրվել է 1424 հրդեհի դեպք (2017 թվականին` 912), նյութական վնասը կազմել է 197 595 891 դրամ։

Բնակչության պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական  եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնակցություն է ցուցաբերվել մարզի 30 համայնքի կողմից անցկացված շտաբային քննարկումներին։ Մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարզի խոշորացված համայնքներին՝ քաղաքացիական պաշտպանության պլանների, արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության ժամանակ բնակչության տարհանման պլանների մշակման գործընթացում։

Մարզային ստորաբաժանումները պարբերաբար վերահսկել են ջրամբարների ջրի մակարդակը՝ ջրածածկման գոտում գտնվող բնակչությանը ժամանակին ազդարարելու նպատակով։  Ազդարարման համակարգը համալրման կարիք ունի․ մարզին անհրաժեշտ է 137 էլեկտրական շչակ, առկա է 63-ը։ Ռադիոկապի վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ են թվային ուժեղացուցիչներ։

Տարվա ընթացքում հրդեհների վիճակագրությունը ցույց է տվել, որ մարզի մի շարք գյուղական համայնքներում ջրի լիցքավորումն անհնար է` ջրաղբյուրների բացակայության պատճառով, առկա հիդրանտներն էլ չեն գործում։ Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է Բյուրեղավան, Գառնի եւ Մեղրաձոր համայնքներում ստեղծել հրշեջ-փրկարարական հենակետեր: Նման հենակետ գործում է զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքում․ նախորդ տարի տեղադրվել է վագոն-տնակ, ձեռք է բերվել ձնագնաց տեխնիկա։

Լոռու մարզում գրանցվել է 1258 արտակարգ դեպք (2017 թվականին` 969), որոնց հետեւանքով զոհվել է 35 (2017 թվականին՝ 45), տուժել 1106 մարդ (2017 թվականին՝ 680)։ 448 տեխնածին բնույթի դեպքից 234-ը հրդեհ է (2017 թվականին՝ 443): Նյութական վնասը կազմել է 160 055 220 դրամ, որի մոտ կեսը՝ 72 161 500 ուժեղ քամիների պատճառած վնասն է:

Թումանյան համայնքի սողանքային տեղամասում տարեսկզբին վարչության աշխատակիցներն իրականացրել են շուրջօրյա հերթապահություն, հորատման աշխատանքների տեղամասերում անցկացրել էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման գծեր, վերահսկել հորատանցքերում տեղադրված չափիչ սարքերի գրանցած տեղեկատվությունը։

Ալավերդի քաղաքում կազմակերպվել են արհեստական քարաթափումներ։ Ուշադրության կենտրոնում է եղել անտառներում եւ բուսածածկ այլ տարածքներում հրդեհների կանխարգելման խնդիրը։ Ամռանը բնակչության շրջանում տարվել են իրազեկման աշխատանքներ` բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոնների վերաբերյալ, իսկ անտառտնտեսության անձնակազմն ուսուցանվել է հրդեհների մարման եղանակների մասին։

Տարվա ընթացքում Լոռու փրկարարներն ապահովել են Դեբետ գետում անցկացվող «Ռաֆթինգ» սպորտային միջոցառումների անվտանգությունը, սկաուտ- ճամբարականների հետ անցկացրել մասնագիտական դասընթացներ եւ գործնական պարապմունքներ, սովորեցրել արտակարգ իրավիճակներում գրագետ գործելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերման հմտություններ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Այլ մարզեր.

Արարատ եւ Արմավիր