Գլխավոր Վերլուծություն Աշխատանքային տարվա ամփոփում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում

Աշխատանքային տարվա ամփոփում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում

492
Տարածել

Հունվարի 23-ին Արարատի եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչություններն ամփոփեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։

Արարատի մարզում գրանցվել է  834 արտակարգ դեպք (2017 թվականին` 716), որոնց հետեւանքով զոհվել է 25 (2017 թվականին՝ 25), մարմնական  վնասվածքներ ստացել 323 մարդ (2017 թվականին՝ 392):

Փրկարարներն արձագանքել են 363 հրդեհի կանչի (2017 թվականին` 282), հիմնականում՝ խոտածածկ տարածքներում, նյութական վնասը կազմել է 50 639 700 դրամ (2017 թվականին` 60 765 550 դրամ):

Տարվա ընթացքում մի շարք  կրթական, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են տարբեր թեմաներով վարժանքներ։ 30 համայնքում կազմակերպվել են շտաբային քննարկումներ, մասնավորապես՝ Ազատի ջրամբարի պատվարի փլուզման, ուժեղ երկրաշարժի, հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։ Համայնքների ղեկավարներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն ռիսկերի ու վտանգների, խոցելիության բացահայտման եւ գնահատման գործընթացում։

5 հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել մարզի կապի, գազամատակարարման, ջրամատակարարման եւ էներգամատակարարման կազմակերպություններում: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի  կապակցությամբ բազմաթիվ դասախոսություններ են կազմակերպվել:

Բարելավվել են որոշ հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքային պայմանները։ Նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից էր ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի հիմնանորոգումը։

Բնակչության ազդարարման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Համայնքների ազգաբնակչության ազդարարումն իրականացվում է համայնքներում տեղադրված էլեկտրական շչակներով։ Առկա է 75 շչակ, մարզում անհրաժեշտ  է 118 շչակ։ Ռադիոկապի խնդիր կա Պարույր Սեւակ, Զանգակատուն, Վարդաշատ եւ Ուրցալանջ  համայնքների տարածքներում, Խոսրովի արգելոցի որոշ տեղամասերում: Մարզում կան հակաճառագայթային թաքստոցներ, որոշները վերանորոգման կարիք ունեն։

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս  մաքրվել եւ կարգավորվել է 126918 մ դրենաժ՝ Հովտաշատ, Նորամարգ, Շահումյան, Սիս, Դարբնիկ, Ձորակ եւ այլ համանքներում։

Արմավիրի մարզում գրանցվել է 576 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 440):  Տեխնածին աղետներից 305-ը հրդեհ է։ Նյութական վնասի չափը կազմել է 30 120 546 դրամ:

Քիչ չեն եղել տարերային աղետները։ Լեռնագոգ գյուղի 43 տուն տուժել է հորդառատ անձրևից առաջացած սելավից,  Շենիկ համայնքի մոտ 20 հա բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներ եւ  մոտ 80 հա պտղատու այգիներ ջրածածկվել են, մայիս-հունիս ամիսներին 36 համայնք վնասվել է  կարկուտից, եւս 13-ը՝ ուժեղ քամուց։

Տարվա ընթացքում մարզի ղեկավար կազմի հետ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման եւ ձնաբքի հետեւանքով արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման վերաբերյալ։

Տասնյակ վարժանքներ եւ դասախոսություններ են անցկացվել կրթօջախներում եւ բժշկական հիմնարկներում։

Իրականացվել է մարզի գետերի, ջրամբարներում ջրի մակարդակի վերաբերյալ տվյալների հավաքագրում եւ վերլուծություն, հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստարանների վիճակի ուսումնասիրություն։

Այս տարի Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ձեռք է բերել թվային ռադիոկապ։ Համայնքների բնակչության ազդարարման խնդիրն ուսումնասիրել են մասնագետները։ Առաջարկվում է մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինումը, աղետների դիմակայման տրանսպորտային եւ տեխնիկական ապահովման հարցը լուծել թե պետության ֆինանսավորմամբ, թե համայնքների բյուջեներից:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ