Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 403 կանչի են արձագանքել

Փրկարարները 403 կանչի են արձագանքել

1232
Տարածել

Փետրվարի 28-ից մարտի 6-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 403 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 120 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 131 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Կենտրոն, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 65 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 156 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում», «Օդային տագնապի ժամանակ անձնակազմի ազդարարում, տարհանում եւ պատսպարում», «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում եւ փրկարարական միջոցառումների իրականացում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում», «Տարհանման եւ պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի ռմբակոցության դեպքում», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնության ցուցաբերում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը բենզալցակայանում», «Գազի արտահոսքից առաջացած հրդեհի շիջում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: