Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ գազեր (մեթան, շմոլ, քլորի, թմրադեղերի գոլորշիներ)

Թունավորումներ․ գազեր (մեթան, շմոլ, քլորի, թմրադեղերի գոլորշիներ)

993
Տարածել

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Թունավորումների հանգեցնող գազերը կարող են լինել ինչպես հոտավետ, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանի ջուրն ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) եւ այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետեւանքով եւ այլն)։ Շմոլ գազն անգույն է, անհոտ, եւ այդ պատճառով մարդը կարող է երկար ժամանակ գտնվել թունավոր միջավայրում ու չզգալ դա։ Տարիներ շարունակ շմոլ գազով թունավորման նշան է համարվել մաշկի եւ շրթունքների վառ կարմիր կամ կարմրակապտավուն երանգը։ Սակայն այս նշանն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահվանից անմիջապես հետո։ Ուստի թունավորումը ճանաչելու նպատակով մի՛ առաջնորդվեք միայն մաշկի գույնով։

Արդյունաբերության մեջ կամ կենցաղում օգտագործվող որոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ եւ այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ։ Գազից թունավորման առաջին նշաններն են՝ գունատ, կարմրավուն կամ կապտավուն մաշկ, թուլություն, գլխապտույտ, գլխացավ, դժվարացած շնչառություն, շնչահեղձություն, սրտխառնոց, փսխում, գիտակցության խանգարումներ։

Գազերից թունավորման դեպքում մեծ է ռիսկը, որ օգնության շտապողը, մտնելով թունավոր միջավայր, կարող է թունավորվել՝ օգնողից դառնալով տուժող։

Եթե կարծում եք, որ փակ տարածքում գազից թունավորված մարդ կամ մարդիկ կան, ապա եթե կարող եք՝ մի քանի խոր ներշնչում կատարե՛ք, շունչը պահե՛ք, արագ ներս մտե՛ք, բացեք դուռն ու պատուհանները, օդափոխե՛ք տարածքը եւ շտապ տեղափոխե՛ք տուժածին վտանգավոր գոտուց։ Եթե դեպքի վայրում ծուխ կա, ապա աշխատե՛ք քայլել կռացած՝ հատակին մոտիկ։ Խստիվ արգելվում է թունավոր գազերի առկայության դեպքում ծխել կամ կրակ վառել։

Ահազանգե՛ք շտապօգնություն, վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ դրանք փոխանցե՛ք բժիշկներին։