Գլխավոր Միջոցառումներ Աշխատաժողով նվիրված աղետների կորուստների շտեմարան ձեւավորելուն

Աշխատաժողով նվիրված աղետների կորուստների շտեմարան ձեւավորելուն

830
Տարածել

2017 թվականի Դեկտեմբերի 6-8-ը Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվեց Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողով, որին մասնակցում էր նաեւ Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանը: Կազմակերպիչը ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունն էր: Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեց նաեւ 2018 թվականի փետրվարի 27-ին եւ 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մոնիթորինիգի համակարգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություների վերաբերյալ առաջին տարածաշրջանային աշխատաժողովին: 

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 17-21-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կանցկացվի Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունների մշակման եւ աղետների կորուստների տեղեկատվական բազա՝ շտեմարան ստեղծելու թեմայով միջազգային աշխատաժողով, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակները՝ միջազգային կազմակերպություններում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արմինե Հայրապետյան եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյան:

Արմինե Հայրապետյանի խոսքով, աշխատաժողովում քննարկվելու են Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունների մշակման եւ աղետների կորուստների շտեմարան ձեւավորելու եւ գործածելու աշխատանքների կազմակերպման մեթոդական մոտեցումները: Մասնակիցները կծանոթանան Սենդայի ծրագրի մոնիթորինգային համակարգին: Աղետների կորուստների շտեմարան ունենալը կարեւոր է: Այս տեղեկատվական բազան պիտի մեծապես աջակցի Սենդայի ծրագրի մոնիթորինգի համակարգին: Սրանք իրար լրացնող համակարգեր են: Առանց մշտապես թարմացվող շտեմարանի, մոնիթորինգը լիարժեք չի լինի:

Բոննի աշխատաժողովին կհաջորդի ծրագրի տեղայնացումը Հայաստանի մարզերում եւ համայնքներում, տեղացի մասնագետների ուսուցում-վերապատրաստումը: Պետք է ունենանք մասնագետներ, որոնք կարող են արագ եւ ճշգրիտ լրացնել աղետների կորուստների շտեմարանն ու գործածել այն:

Աշխատաժողովի մասին առավել մանրամասն՝ պատվիրակների վերադարձից հետո:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ