Գլխավոր Նորություններ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

662
Տարածել

Ձևավորվում է Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգը

Դեկտեմբերի 6-8-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողով: Կազմակերպիչը ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունն էր: Հավաքին մասնակցել է տարբեր պետությունների և միջազգային կառույցների ավելի քան 170 ներկայացուցիչ, այդ թվում՝ Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում Մարգարիտա Հակոբյանն ասաց, որ Սենդայի գործողությունների ծրագիրն ընդունելուց հետո՝ 2015 թվականից, սա առաջին նման հավաքն էր: Սենդայի ծրագրով նախատեսված է նաև ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգի ներդրում, և Բոննի հավաքն այդ համակարգի ձևավորման մեկնարկն էր: Այն, որ Սենդայի ծրագրի ընդունումից երկու տարի անց այնքան բան է արվել, որ մոնիթորինգի կարիք կա, ոգևորիչ է:

Բոննի տեխնիկական աշխատաժողովում 10 նիստ է եղել. «Մոնիտորինգի ազդեցությունը մարդկանց վրա», «Տվյալների շտկման կարիքը», «Ուշադրության կենտրոնում պահել Աղետների ռիսկի նվազեցման՝ ԱՌՆ ռազմավարությունը», «ԱՌՆ ոլորտում մոնիթորինգի հարցում միջազգային համագործակցություն» և այլն: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացրել է սեփական փորձը, որը կարող է ընդօրինակելի լինել: Մարգարիտա Հակոբյանը մեկ ընդհանրություն է արձանագրել. բոլորը միակարծիք են, որ հարցը կարևոր է և եթե հարկ լինի, պետք է օրենսդրական կարգավորումներ անել, հմուտ վիճակագրին համակարգչային գիտելիքներ տալ և այլն: Հարցը համակարգային լուծում պետք է ստանա: Մեխանիզմը պետք է, եթե անգամ իդեալական չլինի, գոնե առավելագույնը անթերի լինի: Բոննում բոլորին է ներկայացվել ճիշտ մոնիթորինգ իրականացնելու մեծ գործիքակազմ: Ամեն երկիր կվերցնի իրեն հարմարն ու կտեղայնացնի:

Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրն ընդունվել է 2015 թվականին, 2000-ին ընդունվել է «Կայուն զարգացման 2030 օրակարգը»: Աղետների ռիսկի նվազեցումը և կայուն զարգացումը փոխկապակցված են: Կայուն զարգացման օրակարգի 17 նպատակից 8-ը ներառված են Սենդայի ծրագրում: Հայաստանը միացել է այս երկու փաստաթղթին, իսկ այս տարվա ապրիլին ընդունել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն ու դրա իրականացման գործողությունների 2016-2030 թթ. ծրագիր: ԱՌԿ ռազմավարությունը համահունչ է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին»,  ուղղված է կայուն զարգացմանը: Երեք ծրագրով էլ նախատեսված է առաջընթացը, ձեռքբերումներն արձանագրելու մոնիթորինգի համակարգի ձևավորում: «Կայուն զարգացման 2030 օրակարգի» մոնիթորինգի համակարգը գործում է, Սենդայի ծրագրինը պատրաստ կլինի եկող տարվա մարտ-ապրիլին, Հայաստանի ԱՌԿ ռազմավարության մոնիթորինգի համակարգը մշակվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի՝ ԱՌՆԱՊ, օգնությամբ: Մոնիտորինգի չափորոշիչները նույնն են, սակայն մոնիթորինգի համակարգերը չեն միավորվի, կլինի համադրություն, փոխլրացնող համագործակցություն: Միավորելն արդարացված չէ, որովհետև, օրինակ, Սենդայի ծրագրի նպատակները  շատ ընդհանրական են, հռչակագրային. ասենք՝ «Մինչև 2030 թ. էականորեն նվազեցնել համընդհանուր մահացությունն աղետներից», իսկ Հայաստանի ԱՌԿ ազգային ռազմավարության ծրագրում ավելի հստակ է, օրինակ, «Դպրոցների սեյսմակայունության բարձրացում և ամրապնդում»:

Բազմիցս է ասվել՝ զարգացման ոչ մի գործընթաց չի կարող լինել կայուն, եթե պայմանավորված չէ աղետների ռիսկի գիտակցմամբ, իսկ աղետների ռիսկի նվազեցումը մեկ գերատեսչության, մեկ երկրի խնդիր չի: Մասնակցային գործընթաց է, ջանքերի մեկտեղում է պետք: Հենց այս հիմավորմամբ էլ Սենդայի գործողությունների ծրագրի շրջանակում եկող տարի կայք է բացվելու, որտեղ երկրները մաս-մաս՝ փուլերով տեղադրելու են Սենդայի ծրագրով իրականացված քայլերի մասին տվյալներ, հաշվետվություններ: Մեկ այլ կայք է բացվելու, որտեղ երկրները պետք է տեղադրեն կայուն զարգացման օրակարգի կատարողականի մասին տվյալներ: Սա հարուստ բազա կդառնա:

Չի բացառվում, որ նման տեխնիկական աշխատաժողովներ էլի լինեն: Կախված երկրների գրանցած հաջողություններից կամ կարիքներից: Երկրները կարող են փորձագիտական օգնություն ակնկալել՝ սկսած կայքից ճիշտ օգտվելու հարցից մինչև վիճակագրական տվյալների թվայնացում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ