Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Պատահարներ ջրում.

Պատահարներ ջրում.

2080
Տարածել

Որ խեղդվելու հավանականությունը նվազի

Ջրում չխեղդվելու ձեր շանսերը մի քանի անգամ կմեծանան, եթե լողալ գիտեք, կարող եք առանց կողմնակի միջամտության մնալ ջրի երեսին: Բացի ջրային պատահարների հավանականությունը նվազեցնող միջոցից՝ լողը նաեւ առողջարար է: Մանուկ հասակում լողի դասերը դառնում են երեխայի համաչափ զարգացման լուրջ խթան եւ դրականորեն ազդում ձեր բալիկի մարմնի բոլոր համակարգերի վրա: Գոնե մեկ տարի կանոնավոր լողի դասերի հաճախած երեխաները լողի չգնացած փոքրիկների համեմատ հազվադեպ են հիվանդանում: Մինչեւ 7 տարեկան երեխաների համար կարելի է լողի դասեր կազմակերպել հենց տան լոգարանում` շաբաթական երեք անգամ: Ջրի ջերմաստիճանը` մոտ 40 աստիճան, եղեք շատ ուշադիր եւ զգույշ: Փոքրիկը պետք է հաճույք ստանա: Եթե երեխան լալիս է կամ հոգնածության նշաններ է ցույց տալիս, անմիջապես դադարեցրեք դասը: Նախքան դասերին անցնելը ձեր ընտանեկան կամ տեղամասային բժշկի հետ խորհրդակցեք, համոզվեք, որ երեխան մաշկային կամ այլ  խնդիրներ չունի, եւ հաճախակի ջրային լոգանքը նրան հակացուցված չէ: Սկզբում երեխային ջուրն իջեցրեք` նրա մեջքից պահած, կամաց-կամաց թողեք, որ նա ինքնուրույն «թիավարի» ոտքերով եւ ձեռքերով: Երեխային լողալ պետք է սովորեցնել «դանդաղ շտապիր» սկզբունքով` ամեն ինչ հերթով, աստիճանաբար, առանց անիմաստ շտապողականության: Այնպես արեք, որ հանկարծ երեխայի բերանը ջուր չլցվի: Մեկ կում ջուրը վնաս չի տա, բայց երեխան կարող է ջրից վախենալ եւ այլեւս ջուրը չմտնել: Որոշակի տարիքից՝ սովորաբար վեց տարեկանը լրանալուց հետո, երեխային կարելի է ուղարկել լողի մարզադպրոց` պրոֆեսիոնալ մասնագետների «ձեռքի տակ»: