Գլխավոր Վերլուծություն Ռիսկերի գիտակցությամբ պայմանավորված համայնքային զարգացումը որպես մարդկային անվտանգության նախադրյալ

Ռիսկերի գիտակցությամբ պայմանավորված համայնքային զարգացումը որպես մարդկային անվտանգության նախադրյալ

2286
Տարածել

Միացյալ ազգերի կազմակերպությունը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ աջակցում է Ամասիա, Ալավերդի, Բերդ եւ Թումանյան խոշորացված համայնքներին՝ առկա խոցելիությունների ու աղետների ռիսկերի բացահայտման, արագ կանխարգելման, սոցիալական ապահովության ամրապնդման եւ գործարար հնարավորությունների ստեղծման միջոցով բարելավելու մարդկային անվտանգության մակարդակը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի,  Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ Արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ջանքերով, որի շրջանակներում իրականացվում է տեղական մակարդակում ռիսկերի կառավարման (ՏՄՌԿ), խոցելիությունների եւ կարողությունների գնահատման գործընթաց։

«Երբ մենք ասում ենք մարդկային անվտանգություն, մենք առաջին հերթին հասկանում են թիրախային համայնքներում մարդու իրավունքների ապահովումը, բնակավայրերում արժանապատիվ կյանքի, ապրուստի եւ բարիքների ստեղծման նվազագույն հնարավորությունների ապահովումը։ Այս առումով իրականացվող մասնակցային եւ խորքային հետազոտությունները, դիմակայունության եւ մարդկային անվտանգության թեմաներով վերապատրաստման դասընթացները, սոցիալական պաշտպանության միջոցառումներն աջակցում են համայնքների առավել արդյունավետ կառավարմանը, վերջինիս թափանցիկությանն ու հաշվետվողականության ավելացմանը, աղետների ռիսկերի գիտակցությամբ պայմանավորված համայնքային զարգացմանը։ Արդյունքում՝ ՏԻՄ-երի, դպրոցների, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատ քաղաքացիները ավելի լավ են պատկերացնում, որ ԱՌՆ ոլորտում ծախսերը ոչ թե հավելյալ բեռ, այլ ապագային ուղղված շահավետ ներդրումներ են, գիտակցում են, որ հակառակ դեպքում անխուսափելի  են բացասական հետեւանքները եւ իհարկե հնարավոր մարդկային անդառնալի կորուստները» — ներկայացրեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանը։

Սկսած 2010 թվականից Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի գործընկերների կողմից ՏՄՌԿ մեթոդաբանությունը ճանաչվել է որպես միասնական գործիքակազմ եւ ՄԱԶԾ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՕՔՍԻՋԵՆ, Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ, Վորլդ վիժն, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Լոռէ» փրկարարական ջոկատ եւ այլ գործընկերների հետ համատեղ ՏՄՌԿ հետազոտություններ իրականացվել են ավելի քան 200 համայնքներում՝ բացահայտելով համայնքին սպառնացող վտանգները, առկա խոցելիությունն ու կարողությունները:

2019-ին ծրագրի շրջանակներում եւ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում մշակվել են Ամասիա, Ալավերդի, Բերդ եւ Թումանյան  համայնքների ԱՌՆ եւ արտակարգ իրավիճակներում արձագանքման պլանների նախագծերը։

Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների համատեղ որոշմամբ «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարումը» դարձել է համայնքներում ռիսկի գիտակցումով պայմանավորված զարգացման ծրագրեր մշակելու միասնական գործիք, որը նաեւ դասավանդվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համայնքապետերի վերապատրաստման ծրագրերում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ