Եթե տեսել եք ջրում խեղդվողի
Հայաստանում ջրահեղձման դեպքերը գրանցվում են հիմնականում ամռանը, երբ մարդիկ շոգից ու տապից «փախչում են» Սեւանա լիճ կամ այլ ջրավազաններ: Ջրում խեղդվել կամ վտանգավոր վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրը` անկախ լողալու վարպետության աստիճանից:
Ամենակարեւորը. ջրային պատահարների գերակշիռ դեպքում խեղդվողը չի կարողանում օգնություն կանչել նաեւ խուճապի մեջ ընկնելու պատճառով: Եթե ջրավազանի ափին եք եւ ջրում գտնվողի տարօրինակ վարքի ականատես, մեծ է հավանականությունը որ լողորդը օգնության կարիք ունի: Ուշադիր, զգույշ եւ առանց հապաղելու օգնության հասեք: Եթե հնարավոր է, փորձեք օգնություն ցույց տալ առանց ջուրը մտնելու: Խեղդվողը կարող է առանց մտածելու կառչել ձեր պարանոցից, եւ դուք ինքներդ օգնողից կդառնաք տուժող:
Ամեն դեպքում` խոսեք նրա հետ, հուսադրող եւ քաջալերող արտահայտություններ օգտագործեք, նրան մեկնեք ջրում չսուզվող առարկա` ծառի ճյուղ, փայտյա ձող, բերանը փակած պլաստիկ տարա: Հենց տուժածը բռնի առարկան, դանդաղ քաշեք այն դեպի ափ: Եթե տուժածը ափից հեռու է, առարկան կապեք պարանով եւ նոր նետեք: Եթե տուժածը մոտ է` ձեռքի հեռավորության վրա, իսկ ջրավազանի ափը կտրուկ է, պառկեք ափին եւ զգուշորեն ձեռք մեկնեք: Ողջ ընթացքում խոսեք տուժածի հետ:
Եթե տեղյակ եք ու վստահ, որ ջուրը ծանծաղ է, չի անցնում ձեր ուսերից, կարող եք կանգնել ջրի մեջ եւ նույնը անել: Աշխատեք տուժածին շատ չմոտենալ, առարկան մոտեցրեք, այն թող լինի ձեր եւ տուժածի միջեւ:
Եթե տուժածը ջրի մեջ երեսնիվայր է, զգուշորեն շրջեք եւ թեւատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով հանեք ջրից: Եթե ենթադրում եք, որ տուժածի ողնաշարը վնասված է, աշխատեք բացառել գլխի եւ ողնաշարի շարժումները: Տուժածի մարմինը հորիզոնական դիրքով` դեմքով դեպի վեր, պահեք ջրում եւ առանց հապաղելու զանգահարեք արագ արձագանքման ծառայություններ: