Գլխավոր Միջոցառումներ Կոտրել լռությունը, փոխել մտածելակերպը

Կոտրել լռությունը, փոխել մտածելակերպը

608
Տարածել

Երեւանում անցկացվող Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի աշխատանքային նիստերում մասնակից երկրների ներկայացուցիչները պատմում են իրենց մոտ հաջող փորձի մասին: Ներկայացնում ենք մեջբերումներ հնչած ելույթներից:

Աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտում միջազգային համագործակցությունը մեկ նպատակ ունի. մոարդու անվտանգություն եւ բարեկեցություն: Պետք է ստեղծվի իրականացվող քայլերի եւ ծրագրերի մոնիտորինգի համակարգ, առավել արդյունավետ կառավարելու համար:

Ղրղզստանում ստեղծված մոնիտորինգի համակարգում ներառված են  նաեւ բնապահպանական տեղեկություններ եւ բնակչության առողջության վրա ազդող էկոլոգիական ռիսկերի գնահատման չափանիշներ՝ ընդհանուր 200 չափորոշիչ:

2015 թվականին ընդունված աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրից հետո մի շարք երկրներ վերանայել եւ վերանայում են քաղաքացիական պաշտպանության մասին օրենքները:

Եթե նախկինում գործարար աշխարհը ժխտում էր աղետների ռիսկի եւ գործարարության կապը, ապա հիմա կա հստակ ընկալում, մոտեցումները փոխվել են եւ գործարարները հաճախ պետություններից առաջ են ընկնում ու ներդրումներ անում ԱՌՆ ոլորտում: Աշխարհում մոտ 350 խոշոր ձեռնարկություն, ընդհանուր մոտ 5 տրիլիոն ԱՄՆ դոլար կապիտալով, դարձել են ԱՌՆ ոլորտում ներդրումների առաջամարտիկներ: Տարեցտարի ավելի ու ավելի շատ բիզնես մոդելներ են մշակվում ռիսկի հաշվառմամբ: Այս կերպ անորոշությունը վերածվում է ռիսկի, որը կարելի է՝ կառավարել:

Պետք է գտնել ճիշտ լուծումներ առանց վնաս տալու: Բոլոր համայնքներում բնակիչները պետք է հասկանան խնդիրը, ներգրավվեն ռիսկերի նվազեցման-կառավարման աշխատանքներում: Պետք է օգտագործվի երիտասարդների ներուժը, իսկ աշխատանքների արդյունքը պետք է լինի տեսանելի ու չափելի: Անիրատեսական նպատակներ չպետք է դրվեն: Պետք է աշխատել ոչ միայն համապետական, այլ՝ համայնքների մակարդակում:

Իտալիայում արդյունաբերական ձեռնարկությունների ասոցիացիան պայմանագիր ունի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հետ: Ծրագրերը քննարկվել են ավելի քան 10 000 մարդու ներգրավմամբ՝ գիտնականներ, գործարարներ, փորձագետներ, պետական պաշտոնյաներ: Հաջող իրականացված ծրագրերի արդյունքում մասնավորի եկամուտներն աճել են:

ԱՌԿ ոլորտում մասնավոր-պետություն գործակցությունը պարզապես անհրաժեշտություն է եւ այլընտրանք չունի: Մասնավորը կարող է սեփական փորձով արդյունավետ լուծումներ առաջարկել, պետությունը օրենքի ուժով դրանք տարածել ողջ երկրում: Մասնավորը պետք է պատասխանատվություն ստանձնի ԱՌՆ-ԱՌԿ ոլորտում:

Աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտում պետք է բոլորը ներգրավված լինեն, պետք է կոտրել լռությունն ու փոխել մտածելակերպը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ