Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստան-Ճապոնիա

Հայաստան-Ճապոնիա

850
Տարածել

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը պատրաստ են խորացնել եւ զարգացնել առկա կապերը

Հունիսի 12-15-ը առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում էր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկան:

Նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նշել, որ հայ-ճապոնական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են արդեն 25 տարի, դրանց նպաստել են 2010-ին Տոկիոյում ՀՀ դեսպանության և 2015-ին Երևանում Ճապոնիայի դեսպանության բացումը:

Շինիչի Կիտաոկան, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Երևան քաղաքի փրկարար ուժերի վարչության համար 8 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթացել ջոկատի տեխնիկական զինվածությանը եւ հագեցվածությանը, անձնակազմի աշխատանքային պայմաններին եւ կանչերի արձագանքման առանձնահատկություններին: Այս ՀՓՋ-ում շահագործվում է Ճապոնիայի կառավարության նվիրած հրշեջ-փրկարարական 28 մեքենայից 4-ը: Շինիչի Կիտաոկան ասել է, որ հայ հրշեջ-փրկարարները ճապոնական մեքենաները շահագործում են արդյունավետ և հավուր պատշաճի:

Հունիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչի ուղեկցությամբ Շինիչի Կիտաոկան այցելեց Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի և 2011-ի մարտի 11-ի Հոնսյո կղզում երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարերին ծաղիկներ խոնարհելու նպատակով:

Աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համագործակցությունը սկսվել է 2007 թվականից: Դավիթ Տոնոյանը կարևորում է հայ-ճապոնական «արտակարգ» համագործակցությունը: «Հայաստանն ու Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են: Մեզ համար կենսական խնդիր են աղետների ռիսկի նվազեցումն ու աղետների հետևանքների վերացումը: Սպիտակյան երկրաշարժի օրերին աղետյալ Հայաստանին փրկության ձեռք մեկնեցին բազում երկրներ: Մարդասիրությունը սահման չի ճանաչում, և հիմա հայ փրկարարներն են պատրաստ` օգնության հասնելու այլ երկրների: Հաշվի առնելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում, ինչպես նաև կարևորելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ գործակցության արդյունքում Հայաստանի ակնառու հաջողությունները՝ այսօր մենք հավաստում ենք, որ պատրաստ ենք ընդլայնելու այդ համագործակցությունը»,- Սպիտակում հայտարարեց ԱԻ նախարարը:

Շինիչի Կիտաոկան, սակայն, հիշելով, որ 1988 թվականի երկրաշարժից հետո ճապոնացի 31 փրկարար էր եկել Հայաստան, նկատում է, որ հենց սա կարելի է համարել համագործակցության մեկնարկ: Իսկ 2007-ից հետո արդեն եղել են ճապոնական բազմաթիվ ծրագրեր՝ դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, վերապատրաստման ծրագրեր: Նման մի ծրագրով Ճապոնիայում 2012 թվականին ղեկավար կազմի վերապատրաստում է անցել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանը, եղել 2011-ի մարտի 11-ի երկրաշարժի գոտում և վերադարձին Սպիտակում Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքար տեղադրել: «Սա աղետների կանխարգելման ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցության երախտագիտության արտահայտության նշան է: Այստեղ՝ Ճապոնիայից հազարավոր կիլոմետրեր հեռու հարգում են Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը: Աղոթում եմ, որ համագործակցությունը խորանա և ամրապնդվի»,- խաչքարերին ծաղիկներ խոնարհելիս ասաց Շինիչի Կիտաոկան:

Շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց և համագործակցության հետագա զարգացումը կարևորեց նաև դեսպան Էյջի Տագուչին. «Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և ժողովրդին 2011 թվականի Ճապոնիայի երկրաշարժից հետո բազմակողմանի և անգնահատելի օգնության համար: Խաչքարերի առկայությունը պետք է ցույց տա, որ տնտեսական համագործակցությունը չի նշանակում միայն ֆինանսներ, այլ նաև փոխադարձ ըմբռնում, հասկացողություն, երախտագիտություն միմյանց նկատմամբ, ինչը կարևոր նախապայման է առկա համագործակցությունն էլ ավելի զարգացնելու համար»:

Աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում Հայաստանն ու Ճապոնիան չեն սահմանափակվում երկկողմ կապերով և միջազգային ծրագրեր են նախաձեռնում: 2005 և 2015 թվականներին Ճապոնիայում անցկացվել են աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային համաժողովներ, 2015 և 2016 թվականներին Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային համաժողովներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ