Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները մատանիներ են հանել դիտահորից եւ այտուցված մատից

Փրկարարները մատանիներ են հանել դիտահորից եւ այտուցված մատից

764
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 20 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների եւ Շիրակի, Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վարշավյան փողոցի շենքերից մեկում քաղաքացու ձեռքն արգելափակվել է շենքի վերելակի դռան եւ պատի միջեւ, դուրս բերելու համար անհրա­ժեշտ է փրկա­րարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 32-ամյա տղամարդու ձեռքը դուրս են բերել արգելա­փա­կու­մից: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացու մատանին ընկել է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող հեղեղատարի դիտահորը: Հրշեջ-փրկարարները մատանին հանել են դիտահորից: Նույն վարչական շրջանում ահազանգ է ստացվել, որ բնակարանի բնակչի մատն այտուցվել է, մատանին դուրս չի գալիս: Հրշեջ-փրկարարները 34-ամյա կնոջ մատանին հանել են այտուցված մատից:

Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վերին Գետաշենի գյուղապետարանի մուտքի դուռը փակվել է, աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել գյուղապետարանի շենք։ Պարզվել է գյուղի բողոքավոր բնակիչների մի խումբ փակել է գյուղա­պետարանի դուռը եւ թույլ չի տալիս որպեսզի գյուղապետարանի աշխատակիցները մտեն ներս: Փրկարարների կարիք չկա։

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ  եւ այստեղ