Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Շտկվում են անվտանգության համակարգի թերությունները (լուսանկարներ)

Վարժանքներ․ Շտկվում են անվտանգության համակարգի թերությունները (լուսանկարներ)

995
Տարածել

Մայիսի 25-29-ը մայրաքաղաքում եւ մարզերում փրկարարերն անցկացրել են մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում իրականացվել է հրդեհաշիջում եւ անձնակազմի տարհանում։ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Կարապետյանի խոսքով՝ բուժանձնակազմը բավական կազմակերպված դուրս էր եկել շենքից եւ ուսումնավարժության  ղեկավարին զեկուցել մանրամասները: Կազմակերպության տարեկան պլանով վարժանքներ հաճախ են լինում։ 20 մահճակալ ունեցող կառույցը հին է, խորհրդային տարիներին սպասարկել է շրջակա 21 գյուղի բնակիչներին։ Գործում է  «ՍՈՍ սիսթեմս» հակահրդեհային համակարգ, բոլոր ելքերը հասանելի են։

Գավառի Լեւոն Քալանթարյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որն ունի 500 հոգու համար նախատեսված դահլիճ, անցկացվեց «Տարհանումը եւ հրդեհաշիջումը մշակութային կենտրոններում» թեմայով վարժանք։ Գավառի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Արսեն Բարսեղյանը նկատեց՝ նորակառույց շենքն ունի հակահրդեհային համակարգ, տարհանման չորս ելքեր,  ինչը հեշտացնում է շենքում փրկարարական աշխատանքները։ Ըստ պլանի՝ պայմանական հրդեհ է բռնկվել դահլիճում հոսանքալարերի կարճ միացման պատճառով։ Աշխատակիցներին ներկայացվել են իրենց առաջնային գործողությունները տվյալ իրավիճակում։ Շենքն ունի նաեւ օդափոխության համակարգով հագեցած նկուղ, որը հարմարավետ ապաստարան կարող է ծառայել։

Վաղարշապատ՝ Էջմիածին քաղաքի «Ձնծաղիկ» մանկապարտեզի պահեստում պայմանական հրդեհ էր բռնկվել, կատարվել է երեխաների տարհանում։ Վարժանքի ժամանակ թերություններ են եղել: Վաղարշապատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վահան Մկրտչյանի խոսքով, փրկարարները հրահանգել են շտկել թերությունները։

Սեւանա լճում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացում՝ Սեւանա լճից մեքենայի դուրս բերմամբ» թեմայով վարժանք, ներգրավված էին 6 ջրափրկարար եւ ԶԻԼ 131 մակնիշի մեքենա։ Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Արմեն Ճզմաչյանի հաղորդմամբ՝ ըստ պլանի ավտովթարի պատճառով քաղաքացին մեքենայով ընկել է ջուրը եւ ջրահեղձվել ափից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ջրասուզակները հայտնաբերում են տուժածին եւ հանձնում շտապօգնությանը։ Մեքենան լճից դուրս է բերվում կարապիկի օգնությամբ։ Վարժանքի օրը ջրի տեսանելիությունը լավ էր, տուժածին հայտնաբերելու համար երկար ժամանակ չպահանջվեց։ Վարժանքը գնահատվեց լավ։

Երեւանի թիվ 87 միջնակարգ դպրոցում վարժանքը «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» թեմայով էր։ Երեւանի փրկարարական վարչության Ավան բաժնի  հրդեհաշիջման ապահովման հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հայկ Մանուկյանի խոսքով՝ դպրոցի ուսուցչական անձնակազմը հստակ գիտի տարբեր արտակարգ իրավիճակներում իր գործողությունները, քանի որ վարժանքներ հաճախ են կազմակերպվում։ Հակահրդեհային միջոցներից դպրոցում առկա են միայն կրակմարիչներ։ Դռներն ու պատուհանները նոր են՝ անվտանգության նորմերին համապատասխան։

Վարժանքներ են անցկացվել նաեւ «Սիսիան Սիթի» առեւտրի կենտրոնում, Սպիտակի համաբուժարանում, Վանաձորի պետական բժշկական քոլեջում, Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում, այլուր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ