Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ բյուջեն կատարվել է 99,8 տոկոսով

ԱԻՆ բյուջեն կատարվել է 99,8 տոկոսով

1432
Տարածել

Մայիսի 29-ից հունիսի 8-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եկամուտների եւ ծախսերի կատարողականը քննարկվեց այսօր՝ հունիսի 4-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Զեկուցողներն էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

2017 թվականի պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է մոտ 11,241 միլիարդ դրամ, որով իրականացվել է 17 ծրագիր: Պետբյուջեով սահմանված ծրագրերը կատարվել են 99,8 տոկոսով: Կառավարության պահուստային ֆոնդից ԱԻ նախարարությանն է հատկացվել 394 միլիոն միջազգային կամ երկկողմ համագործակցության արդյունքում ստացված գույքի պահպանման եւ ընթացիկ շահագործման համար: Ողջ հատկացումներից 26,5 միլիոն դրամ տնտեսվել է եւ վերադարձվել պետբյուջե:

Ըստ ոլորտների.

Փրկարար ծառայություն՝ 8,6 միլիարդ, հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՝ 1,161 միլիարդ, սեյսմիկ պաշտպանություն՝ 796 միլիոն դրամ, կադրերի պատրաստում եւ վերապատրաստում՝ 120 միլիոն, տեխնիկական անվտանգություն՝ 38,5 միլիոն եւ այլն:

Ըստ ծրագրերի.

«911» ծառայությունը ստացել է 1,355 միլիոն զանգ, 2016 թվականի 1,338 միլիոնի փոխարեն: Հայաստանում գրանցվել է 13 655 արտակարգ պատահար, 2016 թվականի 11 967-ի փոխարեն: ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 22 103 ելք՝ գրեթե այնքան որքան 2016 թվականին: Արտակարգ դեպքերից զոհվել է 329 մարդ, 2016 թվականին՝ 315, վիրավորվել  9877 մարդ, 2016 թվականին՝ 8372: Փրկարարները 259 մարդու կյանք են փրկել, 2016 թվականին՝ 203 մարդ:

Բնակչության պաշտպանություն համակարգի օպերատիվ նախապատրաստման համար անցկացվել է հրամանատարա-շտաբային, հատուկ ուսումնատատիկական 50 ուսումնավարժություն: Կազմակերպություններն ու համայնքներն էլ կազմակերպել են մոտ 500 հատուկ տակտիկական եւ շտաբային վարժանքներ: Մի շարք նախարարություններում եւ պետական գերատեսչություններում անցկացվել են առանձնացված շտաբային մարզումներ: Տավուշի մարզի համայնքներում ստեղծվել է հատուկ օբյեկտների պահպանության 2 ջոկատ՝ 12 հետակետով:

Սեյսմիկ պաշտպանության համակարգի դիտացանցը համալրվել է Ֆրանսիայից, Շվեյցարիայից նվեր ստացված սեյսմոմետրերով եւ այլ սարքերով:

Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում տեղադրվել է հակակարկտային հրթիռային երեք կայան:

Վերապատրաստվել է արտադրական վտանգավոր օբյեկտների ինժեներա-տեխնիկական անձնակազմի 1476 մասնագետ:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտել է 221 մարդ, վերապատրաստման եւ որակի բարձրացման դասընթաց է անցել 1941 ունկնդիր՝ պետական գերատեսչություններից, դրանց մարզային կառույցներից, համայնքապետարաններից, այլ կառույցներից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ