Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհ տանը

Հրդեհ տանը

1114
Տարածել

Հրդեհը չվերահսկվող այրումն է, որը հանգեցնում է գույքի ոչնչացմանն ու սպառնում մարդու կյանքին ու առողջությանը: Տանը հրդեհների ծագման հիմնական պատճառներն են. հին էլեկտրական լարերից կարճ միացումները, գազի արտահոսքը, կրակի հետ երեխաների խաղը, չհանգցրած ծխախոտը, բաց կրակի օջախի հետ անզգույշ վերաբերմունքը եւ այլն:

Տանը հրդեհից սպասվելիք վտանգներն են. ծխապատ գոտու առաջացումը եւ արագ տարածումը, խիստ բարձր ջերմաստիճանը, թթվածնի պակասը, պայթյունները, տան առարկաների փլուզումը, շենքի վերեւից ընկնող այրվող տարրերը, շենքից՝ ելքի դռների արգելափակումը, հռախոսակապի անջատումը, հագուստեղենի, գույքի ոչնչացումը, արգելափակված կենդանիները եւ այլն:

Տանը բռնկված հրդեհը կարող է առաջացնել. ծխահարում, ծխախեղդում, շնչուղիների փակում, հագուստի բռնկում, այրվածքներ, գիտակցության կորուստ, թունավորում, արցունքաբերություն, շնչահեղձություն, խուճապ, անկառավարելի վարք եւ այլն:

Եթե տանը հրդեհ է բռնկվել, ապա.

1.Անմիջապես զանգահարեք «911» եւ պատասխանեք «911» օպերատորի հարցերին:

2.Էլեկտրական ապահովիչներից անջատեք հոսանքը: Էլեկտրական լարերի կամ սարքերի բռնկման դեպքում չի կարելի ջրով մարել:

3.Անջատեք գազը: Գազօջախին բռնկված կերակուրը կամ յուղը ծածկեք կափարիչով, ափսեով կամ թաց շորով: Գետնին թափված յուղի բռնկումը մարեք հողով (օրինակ, ծաղկամանում եղած հաղով), կամ լվացքի փոշիով: Չի կարելի բռնկված գազի բալոնը դուրս բերել բնակարանից, այրվող գազի հատվածը նպատակահարմար է ծածկել թաց կտորով: Արագ հանգցրեք փոքրածավալ հրդեհը: Այրվող ու ծխացող մակերեսները ծածկեք գորգով կամ հաստ խոնավ կտորով: Հագուստը բռնկվելու դեպքում մի վազեք, կիրառեք «կանգնիր, պառկիր, գլորվիր» սկզբունքը, կամ ծածկեք այրվող հատվածը հաստ կտորով:

  1. Արագ փակեք պատուհաններն ու դռները: Միջանցիկ քամիները տարածում են հրդեհը:
  2. Դուրս բերեք մարդկանց ու կենդանիներին, իրազեկեք հարեւաններին: Մի օգտվեք վերելակներից, մի թողեք երեխաներին առանց հսկողության, փնտրեք երեխաներին, նրանք կարող են վախից թաքնվել, մի տարվեք թանկարժեք իրերի դուրս բերմամբ, մի բացեք սենյակների փակ դռները, բնակարանից դուրս գալիս փակեք դրսի դուռը:
  3. Ազատեք ուղիներն իրերից: Ավելորդ իրերը խանգարում են շենքից դուրս գալուն: Ծխահարումից խուսափելու համար տեղաշարժվեք կռացած, հնարավորինս հատակին մոտիկ եւ օգտագործեք խոնավ կտորե դիմակներ: Ծխապատ գոտի մտելուց առաջ խորը շունչ քաշեք եւ հնարավորին չափով նվազեցրեք շնչելու հաճախականությունը: Եթե կարողանում եք սենյակից դուրս գալ, ապա խոնավ կտորներով փակեք դռան ստորին մասերը:
  4. Դիմավորեք ժամանող հրշեջ-փրկարարներին, նրանց տվեք տեղեկություններ: Հրշեջ մեքենքների մոտեցման համար բակի տարածքն ազատեք: Մի ստեղծեք կոնֆլիկտներ:

Նյութը պատրաստվել է Համլետ Մաթեւոսյանի եւ Հովհաննես Խանգելդյանի «Խորհուրդներ բնակչությանը» ձեռնարկի հիման վրա