Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Երկրի տերը.Մի կյանքի պատմություն

Երկրի տերը.Մի կյանքի պատմություն

1892
Տարածել

21-ամյա Դավիթ Սարգսյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնում որպես կայքի բովանդակության պատասխանատու։ Պատմաբանի մասնագիտությունն ընտրած երիտասարդի կյանքում մի միջադեպ ճակատագրական եղավ, այսօր նա ուրիշ մարդ է՝ նոր աշխարհընկալմամբ  եւ նպատակներով։ Ներկայացնում ենք երիտասարդի պատմությունը։

Հուշեր սահմանից

Ծնունդով Երեւանից եմ։ Պետական համալսարանում ուսանելու առաջին տարում կամավորագիր գրեցի, որպեսզի իմ տարեկիցների հետ բանակ զորակոչվեմ։ Այդ ժամանակ ծնողներս արտերկրում էին, ինքս էլ Հայաստանից հեռանալու մտադրություն ունեի։

Իջեւանի զորամասում էի ծառայում։ Բարդ, հետաքրքիր կյանք էր։ Բանակը սովորեցնում է ամեն չնչին բանից ուրախանալ՝ լավ ծխախոտից, թեյարանում ճաշելուց, նույնիսկ կոկիկ համազգեստից։

Ամեն օր կրակոցներ էին լինում, հատկապես՝ բերքահավաքի ժամանակ։ Զարմանում էինք՝ ինչպես է ժողովուրդը, գիշերվա քունը թողած, մինչ լուսադեմ դաշտում խաղող հավաքում։ Տեղացիները կոփված էին փամփուշտի դեմ։

Զավեշտալի դեպքեր շատ էինք ունենում։ Հիշում եմ՝ առաջին անգամ օրապահ էի, երբ Էջմիածնից մի խումբ մարդիկ եկան՝ իրենց զինվորին տեսակցության։ Այնքան գինովցած էին, որ հասկանալի չէր, թե ում հարազատներն են։ Ստիպված եղանք զորամասում ծառայող բոլոր էջմիածինցիներին հարցուփորձ անել (ծիծաղում է)։

Գիշերը, մահճակալին պառկած, միշտ ադրբեջանական գյուղերի լուսավորությանն էի հետեւում։ Պատուհանից դուրս ցանկապատն էր, մտքումս՝ ծննդավայրս, լույսերի քաղաք Երեւանը։

Յոթ ամսվա ծառայող էի: 2015 թվականի օգոստոսի 15-ին դիրքերից իջնելիս անզգուշությամբ բարձրությունից ընկա։ Ընկերներս օգնեցին ոտքի կանգնել։ Իմ ուժերով բուժկետ հասա, ապա կորցրի գիտակցությունս։ Ողնուղեղի սալջարդ էր։ 6 ամիս Երեւանի զինվորական հոսպիտալում անցկացրի, զորացրեցին։ Ուսումը շարունակելու հեռանկարներն աղոտ էին, հացի խնդիրը՝ հրատապ։

Հավասարը հավասարի պես

Մարդու ամենաուժեղ օրգանն ուղեղն է: Նույնիսկ եթե վերջույթներդ չեն աշխատում, կարող ես մտքի ուժով նոր բաների հասնել։ Ողնուղեղի վնասվածք ունեցողները գրեթե միշտ պառկած են, իսկ ես վճռել էի՝ պե՛տք է քայլել։ Մուրացանի հիվանդանոցում ստեղծված զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում անցկացրած մեկ տարվա ընթացքում սովորեցի նստել, օգնությամբ ոտքի կանգնել։

Ձեռք բերեցի հավատարիմ ընկերներ։ Մեկիս առողջական չնչին առաջընթացը բոլորիս ուրախությունն էր։ Միասին ծնունդ էինք նշում, քաջալերում միմյանց։

Քաղաքի անմատչելիությունը խորթ էր ինձ։ Հաշմանդամություն ունեցող անձը Երեւանում ազատ չէ, չի կարող մենակ որեւէ մշակութային կենտրոն այցելել։ Փոխվեցին հետաքրքրություններս. հիվանդանոցում ապրող տղաների հետ սեղանի խաղեր էինք խաղում, ազատ ժամանակ օտար լեզուներ էի ուսումնասիրում։ Նախկին կյանքն այլեւս չկար։ Հանգամանքների բերումով շատերը հեռացան իմ կյանքից, հասկացա, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել։

Ընտանիքս փոքր էր, հայրս առողջական խնդիրներ ուներ, ապրուստ վաստակելու պատասխանատվությունն իմ ուսերին էր։ Դիմում գրեցի բոլոր այն կառույցներին, որտեղ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ էին ընդունում։ Որոշ ժամանակ անց արտակարգ իրավիճակների նախարարությունից հարցազրույցի հրավիրեցին։ Երկար չերկմտեցի, քանի որ փրկարար ծառայությունում աշխատող ընկերներ ունեի, որոնց հետ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում էի ծանոթացել։

Առաջարկեցին 911 ծառայությունում օպերատոր աշխատել։ Կարծում եմ՝ այդ գործում պետք է զուսպ ու կշռադատված լինել, ինչը կնոջ բնատուր հատկանիշ է։ Համաձայնեցի կայքում նյութեր զետեղող  եւ թարգմանիչ աշխատել, կոլեկտիվն ինձ ջերմ ընդունեց։ Այլեւս չկային ինձ ուղղված խղճահար հայացքները, շփումն ազատ էր, հավասարը հավասարի պես։ Միաժամանակ ուսումս շարունակեցի, այժմ պատմական բաժնի երկրորդ կուրսում եմ։

Իրար հաջորդող փորձություները ցույց տվեցին, որ մեր շուրջն այնքան բարի մարդիկ են ապրում։ Երբեք չէի պատկերացնի, որ անծանոթը կարող է անշահախնդիր օգնել քեզ։

Հայացք ապագային

Միշտ ցանկացել եմ փաստաբան կամ դատավոր դառնալ, թերեւս մի օր հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ կզբաղվեմ։ Մեր օրերում թանկ «հաճույք է» հաշմանդամի խնամքը․տաքսի ծառայությունը ծախսատար է, շատ վարորդներ հրաժարվում են անվասայլակով ուղեւոր տեղափոխել, իսկ հաշմանդամության կենսաթոշակը դեղամիջոցներին չի հերիքում։ Պետությունը պարտավոր է սատարել իր քաղաքացուն՝ խոհեմ տոկոսադրույքով վարկային արտոնություններ եւ փոխադրամիջոց տալ, բարձրացնել զինհաշմանդամներին տրամադրվող փոխհատուցման չափը, աշխատելու հնարավորություն ստեղծել։

Ժողովուրդն իր հերթին պետք է հասկանա, որ երկիրն իրենն է, զինվորի առողջությամբ  եւ կյանքով նվաճած երկիրը։ Հաճախ, երբ կանգնում ես քո  եւ պետության շահը պաշտպանելու ընտրության առջեւ, առաջինն է հաղթում։ Դրանում է արտագաղթի պատճառը։ Ինքներս պիտի փոխվենք, ամեն մեկս մեր երկրի կայացման հարցում ներդրում ունենանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ Դավիթի նպատակն է իր ոտքով շրջել Վատիկանի պապական գրադարանում։ Դավիթը նաեւ մեծ ֆուտբոլասեր է, «Միլան» ակումբի  եւ պաշտպան Պաուլու Մալդինիի երկրպագուն։ Վստահ է՝ լավ ֆուտբոլիստին բնութագրում է ջենտլմենությունն ու իրեն դաստիարակած թիմին հավատարիմ մնալը։ Դավիթը երազում է դառնալ սպորտային մեկնաբան։ Լիահույս ենք, որ շուտով հեռուստատեսությամբ կլսենք Դավիթի ձայնը: