Գլխավոր Ուսուցողական նյութեր Թեյը՝ ներքին խաղաղության խորհրդանիշ

Թեյը՝ ներքին խաղաղության խորհրդանիշ

1128
Տարածել

Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է։ Հարգելով չինական և անգլիական թեյախմության` էսթետիզմով համեմված բազմադարյա ավանդույթները՝ այդուհանդերձ նշենք, որ թեյը լավագույն պատրվակն է նույնիսկ քնից առաջ կես կիլոգրամ շոկոլադ և մի քանի բուտերբրոդ ուտելու համար։

Թեյի ակունքները սերում են Չինաստանից, որտեղ այն ի սկզբանե որպես դեղաբույս է կիրառվել։ Առաջին հազարամյակի երկրորդ կեսին չինացիները հրաժարվեցին թեյը եռացնելուց և այն աղով համեմելուց։ Սուն դինաստիայի օրոք թեյախմությունը վերածվեց ժամանակ անցկացնելու իսկական ծիսակատարության։ Այսօր Չինաստանում թեյը համարվում է ամենօրյա ըմպելիք։ Այն հյուրասիրվում է տարեցներին՝ ի նշան հարգանքի։ Հարսանիքի ժամանակ նորապսակները ծնկի եկած թեյ են հրամցնում ծնողներին և փոխարենը երջանկություն խորհրդանշող կարմիր ծրար ստանում։ Հանգստյան օրերին թեյը միավորում է ընտանիքի բոլոր հեռավոր անդամներին։

Արմտյան երկրներում թեյը տարածում է գտել 17-18-րդ դարերում։ Գերմանիայում ապրող նիդերլանդացի բժիշկ Կորնելիուս Դեկերը պնդում էր, որ այս ըմպելիքը կարող է հյուծված և «մեկ ոտքով գերեզմանում գտնվող» մարդուն ուժ ու նոր կյանք տալ։ Նա խորհուրդ էր տալիս օրական 50 բաժակ խմել։

Անգլիական արքունիքում հաճախակի թեյախմությունը սովորություն դարձավ Վիկտորիա թագուհու օրոք։ Ամենատարածվածը հինգժամյա թեյի արարողությունն էր՝ հետկեսօրյա նախաճաշիկով և թեթև ուտեստներով։ Այս երևույթը տեղ է գտել Լյուիս Քերոլի «Ալիսան հեքիաթների աշխարհում» գրքում՝ «խելագար թեյախմություն» ձևակերպմամբ։

Թեյի բուժիչ հատկությունների մասին հնագույն հիշատակումներ կան։ Այն ոչ միայն հանգստացնող է, այլև բուժում է այրվածքները, դադարեցնում փսխումը, մաքրում ճպռոտած աչքերը։ Թեյի կոշտ տերևներից ստանում են վիտամին P, որն օգտագործում են ներքին արյունահոսությունը դադարեցնելու համար։

Ասիական մշակույթի դարավոր ավանդույթները ծնել են թեյի շուրջ բազմաթիվ հավատալիքներ։  Օրինակ՝ ջրով լի բաժակում տատանվող թեյի տերևները մատնանշում են կյանքի անկումներն ու վերելքները։ Սեղանին թեյի տերևներ թափվելու դեպքում կռիվ է սպասվում։ Խուսափելու համար պետք է թղթով հավաքել դրանք և վառել։ Հետաքրքրական են չամուսնացած երիտասարդների համար «կանխատեսումները»։ Եթե աղջիկը հագուստի վրա թեյ  է թափում, ապա նրան շուտով  կնության կառնեն։ Իսկ եթե տղան պարբերաբար կիսատ է թողնում բաժակը, ապա հաստ շուրթերով կին կունենա և ամբողջ կյանքում չքավորության մեջ կապրի։ Այն մարդիկ, որոնք թեյի բաժակը բերնեբերան են լցնում, երբեք ֆինանսական խնդիրներ չեն տեսնի։ Դե իսկ թեյի մակերեսին հայտնված պղպջակները անակնկալ համբույր են նշանակում։

Թեյի արտադրությամբ աշխարհում երկրորդը համարվող Հնդկաստանի Չատիսգար նահանգի բնակիչ Նիլ Մենի խոսքով՝ թեյը կրոնական, դասակարգային և սեռական խտրականություն չի ճանաչում։ Այս ըմպելիքի շուրջ ծավալվում են ամեն տեսակ խոսակցություն՝ քաղաքականության, հասարակական կյանքի, նույնիսկ ամուսնության վերաբերյալ․ «Թեյը հոգեկան կապ է ստեղծում։ Մենք թեյում ենք, երբ հյուր ենք գնում, առիթներին թեյի փաթեթներ նվիրում սիրելիներին։ Երկաթուղային գնացքի ուղևորներին սովորաբար թեյ է առաջարկվում թրծավառարանում պատրաստված կուլհադներով (փոքրիկ բաժակ), որոնք մեկանգամյա օգտագործումից հետո դեն են նետվում։ Ըստ հաշվարկների՝  Հնդկաստանի երկաթուղիները տարեկան 1,8 միլիարդ կուլհադ են սպառում»։

Թեյ և սուրճ ներմուծող հայկական ընկերության տնօրեն Էլինա Դաշյանը նշում է՝ թեև Հայաստանում թեյախմության մշակույթ չի ձևավորվել, սակայն հին հայկական գրերում տարբեր խոտաբույսերից պատրաստվող թեյերի արժեքավոր բաղադրատոմսեր կան, որոնք մի շարք հիվանդություններ են բուժում։

Թեյին նախապատվությունը տալիս են հիմնականում հայ երիտասարդները։ Մեծ հետաքրքրություն կա չինական պուերի հանդեպ, որի համի գաղտնիքը կոնյակի պես իր հնության մեջ է։ Իսկ հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող ճապոնական մատչայի համար իսկական հերթ է գոյանում։ Դրա մեկ բաժինը տասը բաժակ կանաչ թեյի օգտակարություն ունի։

Հակադարձելով երեխաներին սև թեյ խմեցնելու սովորությանը՝ Էլինան խորհուրդ է տալիս այն աֆրիկյան ռոյբուսով փոխարինել, որը կոֆեին չի պարունակում։

Իր ժամանակին Անտոն Չեխովը իդեալական օրվա սկիզբը թեյն էր համարում, որը կարող է կանխել ինքնասպանության մասին միտքը։ Մենք ևս համամիտ ենք մեծն գրողի հետ։

Շնորհավոր թեյի միջազգային օրը։

Անի Անտոնյան