Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԹԱՆԿ Է ԱՄԵՆ ԿՅԱՆՔԸ

ԹԱՆԿ Է ԱՄԵՆ ԿՅԱՆՔԸ

1072
Տարածել

Մարտունու ջոկատը

Մարտունու ՀՓՋ-ի նախկին հերթափոխի պետ Գևորգ Գրիգորյանը ջոկատի վետերաններից է։ Փրկարարական ընտանիքի կազմավորումից ի վեր բազում դժվարություններ է հաղթահարել ընկերների հետ, իր փորձը փոխանցել երիտասարդներին։

Պատերազմի տարիներն էին, հակառակորդը երեք ինքնաթիռով ռմբակոծել էր Վարդենիսը։ Ռումբերը վնասել էին գյուղի մանկապարտեզն ու տները, բնակչությունը խուճապի մեջ էր։ Ջոկատն «առաջնագծում» էր։

Այդ տարիներին հրշեջը միայն կրակ էր մարում, փրկարարական գույք ու տեխնիկա չկար, անձնակազմը սակավաթիվ էր, գիտելիքը՝ ոչ լիարժեք։ Բազմափորձ հերթափոխի պետ Գարիկ Գրիգորյանը մտաբերում է՝ իրավիճակից դուրս գալու համար գործի էին դնում երևակայությունը, նույնիսկ գործիքներ հորինում։ Այսօր շատ բան է փոխվել. «Հեշտ չէր հրշեջից փրկարար դառնալը։ Ջոկատում շատերը տարիքով էին, արդեն դժվարանում էին բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներ կատարել։ Այսօր, թեկուզև փոքր թիմով, հասցնում ենք դեպքերին արագ արձագանքել»։

Հողաշեն շինությունը, որում տեղակայված է Մարտունու ջոկատը, գրեթե 70 տարվա կառույց է։ 1980-ականներին կառուցվեց երկրորդ ավտոտնակը, 4 տարի առաջ կոսմետիկ նորոգվեց շենքը։ Ջոկատը սպասարկում է Մարտունու տարածաշրջանի 16 գյուղական և մեկ քաղաքային համայնք։ «Խոշոր հրդեհներ ենք ունենում, հնարավոր չէ մեկ մարտական հաշվարկով կրակի դեմն առնել։ Ազդանշանը լսելուն պես անձնական մեքենաներով էլ են դեպքի վայր հասնում հերթափոխից ազատ տղաները։ Մեզ օգնում են հատկապես գյուղացիները, որոնք տնից ջուր են հասցնում, մեզ հետ հավասար հրդեհաշիջում կատարում։ Խոշոր դեպքերի ժամանակ վետերաններն են ջոկատում հերթապահում. գուցե իրենց օգնության կարիքն էլ լինի»,- ասում է հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանը։

Մարտունու տարածաշրջանում բարդու և եղևնու խիտ անտառներ են։ Փրկարարները զգոն են չնչին ծխի նկատմամբ։ Հրամանատարը նկատում է՝ անտառային տարածքը աղտոտված է պլաստիկ և ապակե տարաներով. վտանգավոր է, կարող է արևի ճառագայթներից այրում առաջացնել։ Ձմռանը վրա է հասնում ձնաբուքը։ Վարդենյաց լեռնանցքի որոշ տեղամասերում ձյան բարձրությունը մինչև 3 մ-ի է հասնում։ «Տարիներ առաջ մարզային վարչության «Ուրալ» մեքենան մինչև դիմապակին ձյան մեջ էր խրվել, երկու օր անձնակազմը «կունգի» մեջ մնաց, իսկ մենք «Զիլ-131» մեքենայով ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին տեղափոխեցինք ջոկատ և հարազատների տուն։ Լինում է՝ ձնաբուքը մառախուղի հետ է միախառնվում։ Երբեմն խնդիրներ են ստեղծում գինովցած օրինախախտները, որոնք բազմաթիվ նախազգուշացումներից հետո բացում են լեռնանցքում տեղադրված արգելապատնեշն ու խցանվում ձյան մեջ»,- մանրամասնում է օղակի հրամանատար Արթուր Ազատյանը։

Նախկինում Սելիմի լեռնանցքի քարուքանդ ճանապարհը փակվում էր տեղումների ժամանակ և կտրվում աշխարհից։ Լեռնանցքում շատ են գայլերն ու աղվեսները։  Գարնանամուտին և աշնան վերջին ընտանի կենդանիների վրա հարձակման շատ դեպքեր են գրանցվում։ Երբեմն նաև կարելի է արջի հանդիպել։

Ցրտաշունչ պայմաններում փրկարարական աշխատանքից հետո ջերմացնում է ջոկատի աղջիկների՝ Լուսինեի և Ժաննայի ձեռքով պատրաստած թեյը։ Իսկ երկարամյա աշխատակիցներ Արմեն Եղոյանը, Կարեն Խաչատրյանը, Սարո Գասպարյանը, Վահան Էլոյանը և մյուսները առօրյա զրույցը համեմում են հետաքրքիր պատմություններով։ Շենքի պատերից ներս ընտանեկան միջավայր է։ Արթուր Ալեքսանյանը բանակային ծառայությունն է օրինակ բերում. այստեղ, ի տարբերություն, հնարավոր չէ միմյանցից երկար խռոված մնալ։ Դեպքի արձագանքելիս բոլորը մեկ մարդ են դառնում, պատրաստ սեփական կյանքն ընկերոջ համար վտանգելու։ Այդպես տարիներ առաջ ներկայիս վետերան Ռոբերտ Մհերյանը հետ էր մղել երիտասարդ փրկարարին, և ինքը մտել ծխապատ գոտի՝ չիմանալով, որ ներսում գազի բալոն կա։ Հրամանատարը հպարտանում է՝ փրկարարների նոր սերունդ է ծառայում համակարգում. շարժունակ են, անվախ, հեշտ են յուրացնում ցանկացած նորը։ Ապացույցը մարզային կառույցների կողմից շնորհված բազմաթիվ շնորհակալագրերն են։ Մարտունու ջոկատն ու տարածաշրջանի բժշկական անձնակազմը նաև հանրապետությունում լավագույնն են ճանաչվել 2013-ին անցկացված «Արձանգանք. բուժմիավորումներ» ծրագրի շրջանակում։ Նման սերտ համագործակցությունը մարզում անվտանգության ամուր երաշխիքն է։

11 տարի է՝ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանի գրեթե ամեն օրն անցնում է մարզի ճանապարհներին՝ րոպե առաջ դեպքի վայր հասնելու սպասումով։

Մասնագիտությամբ ինժեներ է, նախկին զինվորական։ Անկեղծանում է՝ բնակչության գնահատականն ավելի մեծ ուժ է տալիս։ Բանակում դու պարզապես քո գործառույթն ես կատարում, իսկ ի դեմս փրկարարի՝ մարդիկ իրենց փրկչի են տեսնում։ 2006-ից աշխատել է ջոկատում, որպես հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար։

Զինծառայությունն իրեն սառնասիրտ է դարձրել, թեպետ սահմանից հասնող ցանկացած անհանգիստ լուր ցավագին է տանում. «Արցախյան պատերազմում մարտական ընկերներ կորցրի։ Նույն ապրումներն ունեցա նաև ապրիլյան քառօրյա պատերազմում։ Լինելով նախկին վաշտի հրամանատար և երկու որդիների հայր՝ ես միայն խաղաղություն եմ ուզում. ամեն զինվորի կյանքը թանկ է»։

Դեպքի մեկնելիս իր միակ հորդորն է խուճապի չմատնվել և ապահովել սեփական անվտանգությունը։ Դեպքի վայրում հրամանատարն ավագ ընկեր է, խորհրդատու, օրվա ավարտին՝ հոգատար հայր, որը ցրում է պատահարից հետո դիմացինի հոգեկան ծանր ապրումները։

Որդին՝ Էմինը, հրշեջ-փրկարար է Գավառի ջոկատում, էկոլոգիա է ուսումնասիրում։ Հայրն ուրախ է, որ զավակն իր հետքով է գնում, սակայն վերջնական ընտրությունը նրան է թողնում՝ «փոքր երեխա չէ, որ ձեռքից բռնած՝ դպրոց տանեմ»։  Ասում է՝ ամեն անգամ դեպքի մեկնելիս հայրական անհանգստությունն իրեն չի լքում, չնայած վստահ է որդու զգուշավոր և հաստատուն բնավորության վրա։ Մանկուց երեք զավակների մեջ սերմանել է անվտանգ  ապրելու գաղափարը։ Բոլորը տեղյակ են տնից երկար բացակայելիս ջրամատակարումն անջատելու իր սովորությանը։

Ազատ ժամանակ սիրում է ճամփորդել։ Այս տարի Արցախի անկրկնելի բնությունն է բացահայտել։  Ալեքսանյանների ընտանիքն իր սեփական երթուղին է գծում՝  լի արկածներով և նոր տպավորություններով։

Թե ինչպես է պատկերացնում կյանքը կենսաթոշակային տարիքում՝ հրամանատարը կանխատեսումներ չի անում։ Գուցե վերադառնա ինժեների մասնագիտությանը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում դասախոսություն կարդա գյուղատնտեսական թեմաներով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ