Գլխավոր Նորություններ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ…

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ…

617
Տարածել

Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից»

2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովում Հայաստանի Հանրապետության, Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի քաղաքացիական պաշտպանությանը և աղետների ռիսկի կառավարմանը վերաբերող հատվածները:

Համաձայնագրում նշված է, որ Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում՝ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարևորությունը, ինչպես նաև պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման, ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, զենքի վերահսկման և արտահանման վերահսկման հետ կապված կոնկրետ խնդիրներ: Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների վրա և պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարթակներից:

Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով տնտեսության էկոլոգիացման և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բիզնես գործունեությունները, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման և տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաև՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Կողմերի միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը և այդ ոլորտում գործող բազմակողմ համաձայնագրերը:

Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը և որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը և տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, այդ թվում՝ ստորև նշված ոլորտներում՝

ա) բնապահպանական կառավարում,

բ) օդի որակ,

գ) ջրի որակի և պաշարների կառավարում՝ ներառյալ հեղեղումների ռիսկի կառավարում, ջրի սակավություն ու երաշտներ,

դ) թափոնների կառավարում,

ե) բնության պաշտպանություն՝ ներառյալ անտառաբուծություն և կենսաբանական բազմազանության պահպանում,

զ) արդյունաբերական աղտոտում և արդյունաբերական վտանգներ,

է) քիմիական նյութերի կառավարում:

Կողմերը պետք է փոխանակեն տեղեկությունները և փորձառությունը, համագործակցեն տարածաշրջանային և միջազգային մակարդակով,

Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում: Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ և բազմակողմ հանձնառությունների միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը:

Համագործակցությունը պետք է խթանի ներպետական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված՝

ա) կլիմայի փոփոխության մեղմացման,

բ) կլիմայի փոփոխությանը հարմարեցման,

գ) կլիմայի փոփոխությունը հասցեագրելու շուկայական և ոչ շուկայական մեխանիզմի,

դ) նոր, անվտանգ, կայուն և հարմարեցված նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների ուսումնասիրության, մշակման, ցուցադրման, տեղաբաշխման, փոխանցման ու տարածման,

ե) դեպի ընդհանուր և ոլորտային քաղաքականություններ կլիմայի հարցերով դիտարկումների ուղղորդման,

զ) իրազեկության բարձրացման, կրթության և վերապատրաստման հետ:

Կողմերը, ի թիվս այլնի, պետք է համագործակցեն իրենց վավերացրած բնապահպանական բազմակողմ այնպիսի համաձայնագրերի մասով, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության 1992 թվականի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) և 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը, և անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեություն իրականացնեն համապատասխան գործակալությունների շրջանակներում:

Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ բնական և տեխնածին աղետների դեմ պայքարի գործընթացում: Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաև Կողմերի միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը և այդ ոլորտում իրականացվող բազմակողմ միջոցառումները:

Համագործակցությունը պետք է ուղղված լինի բնական և տեխնածին աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու և արձագանքելու գործընթացների բարելավմանը:

Կողմերը, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների հիման վրա և (կամ) բազմակողմ ծրագրերի շրջանակներում պետք է փոխանակեն տեղեկությունններն ու փորձառությունը և իրականացնեն համատեղ միջոցառումներ: Համագործակցությունը կարող է ընթանալ, մասնավորապես, քաղաքացիական պաշտպանության ոլորտում Կողմերի միջև կնքված հատուկ համաձայնագրերի և (կամ) ձեռք բերված վարչական պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Կողմերը սույն Համաձայնագրով նախատեսված կամ ծրագրված միջոցառումների համար կարող են համատեղ սահմանել հատուկ ուղեցույցներ և (կամ) աշխատանքային պլաններ:

Համագործակցությունը կարող է ընդգրկել հետևյալ նպատակները՝

ա) կոնտակտային մանրամասների փոխանակում և կանոնավոր կերպով դրանց թարմացում՝ երկխոսության շարունակականությունն ապահովելու և 24-ժամյա ռեժիմով միմյանց հետ կապ հաստատելու նպատակով,

բ) խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ աջակցության խթանում՝ անհրաժեշտության և բավարար ռեսուրսների առկայության դեպքում,

գ) Եվրոպական Միության կամ Հայաստանի Հանրապետության վրա ազդեցություն ունեցող մեծամասշտաբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով նախազգուշացումների և թարմացված տեղեկությունների, այդ թվում՝ աջակցության վերաբերյալ պահանջների և առաջարկների փոխանակում,

դ) արտակարգ իրավիճակների դեպքում Կողմերի կողմից այն երրորդ երկրներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, որտեղ գործում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը,

ե) հյուրընկալող երկրի աջակցության շուրջ համագործակցություն՝ աջակցություն խնդրելու կամ տրամադրելու դեպքում,

զ) աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու և արձագանքելու ոլորտում լավագույն գործելակերպի և ուղեցույցների փոխանակում,

է) աղետների ռիսկի նվազեցման շուրջ համագործակցություն, որը, մասնավորապես, հասցեագրում է, ինստիտուցիոնալ կապերն ու պաշտպանությունը, տեղեկատվությունը, կրթությունն ու հաղորդակցությունը, և լավագույն գործելակերպը՝ միտված տարերային աղետների ազդեցությունը կանխարգելելուն կամ մեղմելուն,

ը) աղետների կառավարմանն առնչվող վտանգի ու ռիսկի գնահատման և աղետների վերաբերյալ գիտելիքների բազայի կատարելագործման շուրջ համագործակցություն,

թ) շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա աղետների ազդեցության գնահատման շուրջ համագործակցություն,

ժ) քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող մասնագիտական տեխնիկական աշխատաժողովներին և գիտաժողովներին փորձագետների հրավիրում,

ժա) յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ Եվրոպական Միության և (կամ) Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող հատուկ պրակտիկ դասընթացներին և վերապատրաստումներին դիտորդների հրավիրում,

ժբ) քաղաքացիական պաշտպանության առկա հնարավորությունների առավել արդյունավետ կիրառության շուրջ համագործակցության ամրապնդում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Խմբ. կողմից.- Հայաստանում վստահ են, որ զարգացումը չի կարող լինել կայուն, եթե պայմանավորված չէ աղետների ռիսկի գիտակցմամբ: Հայաստանի և Եվրամիության ստորագրած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» նույնպես այս տրամաբանության մեջ է: Տարբեր հոդվածներում նշվում է, որ կողմերը ձգտում են նպաստել և խրախուսել շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքների և ծառայությունների առևտուրը, խրախուսել այնպիսի ապրանքների առևտուրը, որոնք նպաստում են բարելավված սոցիալական պայմանների և շրջակա միջավայրի պահպանությանը, անտառների կայուն կառավարմանը և այլն:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» հիմնարար փաստաթուղթ է: Դրանով նախատեսված բազմաթիվ հարցերի շուրջ կանոնավոր երկխոսություն կկազմակերպվի: