Գլխավոր Նորություններ ԼԵՌՆԵՐԻՑ ԼԱՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐԸ

ԼԵՌՆԵՐԻՑ ԼԱՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐԸ

665
Տարածել

Խենթ լեռնագնացը միշտ փնտրում է ամենաանմատչելի լեռը

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2007-ին մի խումբ լեռնագնաց ընկերների կողմից։ Փոխնախագահ, մասնագիտությամբ փրկարար Սուրեն Դանիելյանի խոսքով՝ նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել պրոֆեսիոնալներին և լեռների սիրահարներին, քանի որ վերջին տարիներին մեծ է լեռնագնացության հանդեպ հետաքրքրությունը։ «Զբոսաշրջիկներին գրավում է մեր լեռնային բնությունը։ Ժայռամագլցման տեսանկյունից հավակնում ենք թոփ 5 պետությունների շարքում լինել. 0-7 բարդության աստիճանի ժայռեր ունենք Արզնիում, Բջնիում, Տաթևի և  Նորավանքի տարածքում, Արցախում։ Ամենախենթ և ամենապահանջկոտ մագլցողը կարող է գտնել իր քարաժայռը»,- վստահեցնում է Սուրենը։

Առաջին հերթին կարևորելով արշավականների անվտանգությունը՝ ֆեդերացիան պարբերաբար առաջին բուժօգնության դասեր է անցկացնում։ Գործում է նաև 7-14 տարեկան դպրոցականների խմբակ, որոնք մեկամյա ուսուցման ընթացքում ստանում են բնապահպանական կրթություն, լեռնային արշավների և արտակարգ իրավիճակներում վարվելակերպի մասին գիտելիք։ Լեռնագնացի կարծիքով՝ իրավիճակային խաղերը երեխաներին  սովորեցնում են իրադրությունը վերլուծել թե՛ տուժողի, թե՛ փրկարարի աչքով՝ զարգացնելով փոխօգնության գաղափարը։ Փրկարար ծառայության հետ համագործակցությունը երկարամյա պատմություն ունի։ Սուրենը մտաբերում է՝ տարիներ առաջ լեռնագնացների 6 հոգանոց թիմն ու հարյուրավոր փրկարարներ անվտանգ դուրս էին բերել Հատիս լեռան ձյունապատ անձավի մեջ հայտնված 10 աշակերտի և ուղեկցորդին. տուժողներ չէին եղել։ Սերտ է կապը նաև Արագածի օդերևութաբանական կայանի հետ, որտեղից սովորաբար սկսվում է վերելքը դեպի քառագագաթ լեռը. «Հայաստանի լեռներում վտանգները շատ են՝ զառիթափ լանջեր, ձնահյուսեր, վայրի կենդանիներ, մառախուղ, կայծակ։ Գրեթե բոլոր տեղանքներում լինում են ուղեկցորդներ, որոնք կարող են արձագանքել դեպքին մինչ փրկարարների ժամանելը։ Համատեղ ջանքերով մենք բավական առաջընթաց ունենք անվտանգության առումով. շատ արշավականներ վերելքից առաջ հաղորդում են երթուղու մանրամասները։ Բացի դրանից՝ նախորդ տարվանից երկու կազմակերպություն գծանշում են Հայաստանի լեռնային ճանապարհները թե՛ ինտերնետային քարտեզների, թե՛ բետոնե սյուների միջոցով, որոնք համարակալված են և կրում են 911 հեռախոսահամարը»։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը նշում է՝ կամավորական հիմունքներով գործող ցանկացած հասարակական կազմակերպության հետ աշխատանքը արձագանքումն ավելի արդյունավետ է դարձնում։ «Աշխարհում ընդունված է, որ բացի պետական համակարգի աշխատակիցներից՝ արտակարգ իրավիճակների արձագանքմանը մասնակցում են կամավորները։ Եթե, օրինակ, երկրաշարժ լինի, մենք կկարողանանք ամբողջ ուժերը կենտրոնացնել փլուզման տեղանքներում, իսկ կամավոր լեռնագնացները լեռնափրկարարական աշխատանքներ կկատարեն»,- ասում է հրամանատարը։

Նրա խոսքով՝ թեպետ տարբեր ուսումնավարժանքների շնորհիվ մարզային հրշեջ-փրկարարները ձեռք են բերել լեռնափրկարարի հմտություններ, այդուհանդերձ, լեռնագնացներն ավելի ճշգրիտ տեղեկություն ունեն լեռների առանձնահատկությունների, եղանակային փոփոխությունների վերաբերյալ։ Նրանցից ոմանք եղել են աշխարհի ամենաբարձր գագաթներին և կարող են իրենց փորձը փոխանակել։ Բացի դրանից՝ օրինակ, Ալպինիզմի ֆեդերացիան պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր նեղ մասնագիտական ալպինիստական գործիքներն ու սարքավորումները, որոնք արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի։

Հավելենք, որ մոտ ժամանակներս որակավորման քննություն կհանձնի ֆեդերացիայի լեռնագնացների երկրորդ խումբը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ