Գլխավոր Նորություններ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

657
Տարածել

Ցուրտ ու բուք հաղթահարող, հարգանք վայելող

Ծաղկահովիտը Արագածոտնի մարզի բարձրլեռնային գյուղերից է, տեղակայված է Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին: Ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա գտնվող գյուղում ամառը տաք է, համեմատաբար խոնավ, իսկ ձմեռը՝ խստաշունչ, տևական, հաստ ձնածածկույթով: Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ ձմռան շունչը զգացվում է այս գյուղում, տեղացած ձյան շերտն այս պահին անցնում է 10 սմ-ից:

Շուրջ 2000 բնակիչ ունեցող այս գյուղում է տեղակայված «Արագած» թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը ձյան վերջին տեղումներից հետո արդեն հասցրել է մի քանի ահազանգերի արձագանքել:

«Ռյա Թազա և Գեղաձոր գյուղերից ենք ահազանգեր ստացել, որ ավտոմեքենաները ձնաբքի պատճառով դուրս են եկել երթևեկելի գոտուց: Հատուկ փրկարարական «ԶԻԼ-131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենայով մեկնել ենք դեպքի վայր և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- պատմում են ջոկատի տղաները, որոնք ձմռան սեզոնին ձնաբքի ու առատ տեղումների ժամանակ աշխատում են արտակարգ պայմաններում: Շատ հաճախ գյուղեր հասնելու համար ստիպված են լինում հաղթահարել 1-1,5 մ հաստությամբ ձնածածկ ճանապարհը, իսկ ամենացուրտ օրերին աշխատում են նույնիսկ       -30, -35 ցրտի պայմաններում:

«Նոյեմբեր ամսվա սկզբից մինչև ապրիլ ճանապարհներին ձյուն է, գլխավոր ճանապարհներից 3-4 կմ հեռու գտնվող գյուղերի ճանապարհներն օրերով փակ են, հատուկ տեխնիկայով են բացում: Այդ գյուղերից ստացվող ահազանգերն ենք սպասարկում, մարդկանց մեր ձնագնացով հիվանդանոց տեղափոխում կամ շտապօգնության անձնակազմին հանձնում»,- նշում է Ծաղկահովիտի «Արագած» ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Կարապետյանը:

Ջոկատը սպասարկում է 11 հայաբնակ և 10 քրդաբնակ գյուղեր: Համայնքներից հրշեջ-փրկարարներին դիմում եմ ճանապարհատրանսպորտային պատահարների, Արագածում մոլորված տուրիստների կամ գյուղացիների որոնողափրկարարական աշխատանքների, հրդեհների, ձյան մեջ մեքենաների արգելափակման, միջհամայնքային ճանապարհների անանցանելիության և այլ դեպքերում:

Ջոկատը բաղկացած է 25 հոգուց, աշխատողների գերակշռող մասը Ծաղկահովիտ գյուղից են, հրշեջ-փրկարարներ կան նաև հարևան գյուղերից: Ծաղկահովիտցի Գոռ Կարապետյանը 4-րդ տարին է՝ աշխատում է ջոկատում: Հրշեջ-փրկարարը հասցրել է այս ընթացքում բազմաթիվ կանչերի արձագանքել, նույնիսկ իր անձնվեր աշխատանքի շնորհիվ էլ շատերի համար «հերոս փրկարար» դարձել: 2015-ի ձմռանը բոլոր լրատվամիջոցներում խոսվում էր միայն նրա հերոսական արարքի մասին. «Ձմեռային վրանային հենակետում հերթապահում էինք, երբ ահազանգ ստացանք, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին 70 ավտոմեքենա է արգելափակվել, 400 ուղևոր մնացել է ձնաբքի մեջ: Կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրամանատարի, տեղակալի հետ ամենագնացով հասել ենք դեպքի վայր, մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի: Մեքենաներից մեկը գործի չէր ընկնում, սրահում ցուրտ էր, դրսում էլ սաստիկ բուք, մեքենայի միջից երկամյա երեխային գիրկս եմ առել, բաճկոնովս ծածկել, դեմքը դեպի մարմինս պահել, բուքը ճեղքելով 100-150 մ հասցրել մեր մեքենային, մի քանի ժամ տաքացրել, երբ մերոնք իրենց մեքենան գործի են գցել, կրկին վերադարձրել եմ ծնողներին: Ես էլ փոքրիկ երեխա ունեի, իմ երեխու պես եմ վերաբերվել»,- հիշողության մեջ վառ պահպանված այդ օրվա դեպքն է վերհիշում Գոռը: Փ/ծ սերժանտն անկեղծանում է՝ անկախ սաստիկ ցրտից ու ձնածածկույթի հաստությունից, աշխատում են առանց թերանալու ու անխտիր օգնության հասնում բոլորին: Գոռը նաև այս սեպտեմբերին ջոկատի տղաների հետ օրեր շարունակ մասնակցել է Բյուրականի անտառի հրդեհի մարման աշխատանքներին: Ծաղկահովիտի փրկարարները ներգրավված էին նաև «Խոսրովի» արգելոցի, Արայի լեռան գոտում բռնկված խոշոր հրդեհների մարման աշխատանքներին:

«Ձմռան սեզոնին մեր ջոկատը Ապարանի ջոկատի հետ հերթապահում է ձմեռային վրանային շուրջօրյա հենակետում: Սաստիկ ձնաբուք է լինում հատկապես Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Ապարան ավտոճանապարհներին: Ձյան մեջ արգելափակված մեքենաներն ենք դուրս բերում, մարդկանց տեղափոխում վրան, սնունդ, թեյ հյուրասիրում: 2016-ի դեկտեմբերին Շենկանի գյուղից մեր ՀՓՋ-ի հրամանատարը, ես և առաջին հերթափոխի տղաները հղի կնոջ ենք տեղափոխել Ռյա Թազա գյուղի սկզբնամաս: Շտապօգնության մեքենան խցանվել էր ձյան մեջ, քարշակով հանելուց հետո հղի կնոջը հանձնեցինք բուժանձնակազմին»,- նշում է «Արագած» ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Վարդգես Բոյաջյանը, որը խոստովանում է, որ 2011-ից ջոկատում աշխատանքի անցնելուց հետո սովոր է աշխատել նման պայմաններում: Ինչպես ինքն է ասում՝ «սուրբ պարտականությունը» կատարելիս դժվարությունները սովորական են դառնում և հաղթահարելի:

Ջոկատի տղաների հիմնական մասը երիտասարդներ են, հին կորիզից քչերն են մնացել: Աշխատում են գյուղական կյանքի հետ համատեղելով, ապրում՝ ջոկատի ու առօրյա հոգսերով: Տղաները պարբերաբար մասնագիտական դասընթացների են մեկնում, վերապատրաստվում Ճգնաժամային կառավարման պետակադեմիայում, սովորածը գործնականում կիրառում: Ջոկատը պարբերաբար համալրվում է գույքով, երկու հրշեջ և մեկ փրկարարական մեքենա ունի: Ձնաբքերի ու առատ ձյան պայմաններում էլ ամենագնաց «Կունգին» զուգահեռ գործի են դնում ձնագնացը, որը տարածաշրջանի գյուղերի պայմաններում աշխատելու լավագույն միջոցն է դարձել:

Երիտասարդ, պարտաճանաչ կոլեկտիվն ապրում ու աշխատում է համախմբված, մեկ ընտանիքի պես: Ինչպես փրկարարի համազգեստ կրող տղաներն են ասում՝ մեջք-մեջքի տված, ուրախ ու դժվար պահերը միմյանց հետ կիսելով և գյուղի, տարածաշրջանի բնակչության հարգանքը վայելելով: