Գլխավոր Նորություններ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱՏՈՒՆԻ

ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱՏՈՒՆԻ

627
Տարածել

Լսարան Բժշկի անունով

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին բուժօգնության լսարանն անվանակոչվեց այս տարվա հուլիսի 24-ին վաղաժամ՝

61 տարեկան հասակում կյանքից հեռացած անվանի դասախոս, բժիշկ-թերապևտ, գիտնական Գրիգորի Ամատունու անունով:

Նա իր մասնագիտական գործունեությունն սկսել էր 1980-ականներից, երկար տարիներ աշխատել Երևանի բժշկական ինստիտուտի պրոպեդևտիկայի, թերապիայի ամբիոններում: 1988-ին Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում մասնակցել է որոնողափրկարարական աշխատանքներին: Հենց այդ օրերին նա ձեռնամուխ եղավ մեր երկրում փրկարարական ծառայության ձևավորման աշխատանքներին, և 1989-ին նաև նրա համառ ջանքներով ստեղծվեց «Սպիտակ» փրկարարական ջոկատը, որի շտաբի պետն էր, ապա ուսումնական բաժնի և բժշկական խմբի ղեկավարը: Իսկ երբ Բժշկական ինստիտուտում անցավ գիտական աշխատանքի, Ամատունու կապը ջոկատի հետ չկտրվեց: Նա միշտ առաջին գծում էր: Փրկարարական ջոկատի կարողությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը նրա պարտադիր մասնակցությամբ էին իրականություն դառնում:

Արցախյան պատերազմի տարիներին էլի առաջին գծում էր՝ Երասխավան, Մեղրի, Նյուվադի, Ոսկեպար, Իջևան, Մարտակերտ, Քարվաճառ: 1988-1994-ին Արցախ է տեղափոխել սննդամթերք, դեղորայք, կազմակերպել առաջին բուժօգնության դասընթացներ։ Գնդակոծությունների և հակառակորդի հարձակման, թշնամու դեմ գրոհի ժամանակ բժիշկը զենքը ձեռքին զինվոր-ազատամարտիկ էր, իսկ հարաբերական անդորրի ժամին՝ ռազմական բժիշկ:

Բժիշկ-ազատամարտիկն արժանացել է բազում պարգևների: Արցախյան հրադադարից հետո էլ շարունակել է սովորել և սովորեցնել. մասնագիտական վերապատրաստման դասընթացների է մասնակցել Ֆրանսիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում փրկարարների կարողությունների զարգացման ծրագրեր իրագործել՝ աղետների բժշկության և այլ թեմաներով՝ սեմինարի և վարժանքների միջոցով փորձելով քաղաքացիական բժիշկներին և բուժաշխատողներին նախապատրաստել ու սովորեցնել աղետների բժշկության հիմունքները, աղետների բժշկության հոգեբանությունը: Նրա շնորհիվ մարզերում ստեղծվեցին աղետների բժշկության

20-հոգանոց խմբեր՝ պատրաստ հնարավոր աղետների դեպքում աշխատելու փրկարարների հետ:

Փրկարարական գործը բժիշկ Ամատունու համար առաջնային էր. 2001-ին նա ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության «Փրկարարական ուսումնական կենտրոնում» առաջին բուժօգնության դասընթացներ էր վարում, իսկ 2006-ից արդեն՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետակադեմիայում:

Մեծ է նաև Գրիգորի Ամատունու ավանդը ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնի», Հոգեբանական ծառայության ձևավորման գործում:

Ակադեմիայում Գրիգորի Ամատունու անվան առաջին բուժօգնության լսարանի բացումը հարգանքի տուրք է նրա հիշատակին, մեր երկրում փրկարարական գործի զարգացման ավանդին: Նա գիտնական էր յուրօրինակ աշխարհայացքով, բժշկագիտության զգայուն ու սուր հարցերին ուրույն պատասխաններով: Ուսանողներն առանձնակի գորովով են հիշում անզուգական ժպիտով ԲԺՇԿԻ դասերը, առաջնորդվում դրանցով: Հետայսու Գրիգորի Ամատունու անվան լսարանը ուսանողներին դիմավորելու է հիպոկրատյան ջերմությամբ:

 

Էջի Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆ