Գլխավոր Նորություններ ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

683
Տարածել

 

ՀԱԷԿ-ի աշխատանքի վերսկսման ծրագրի իրականացումը ներառում էր խնդրի երեք հիմնական կողմ` տեխնիկական, տնտեսական և սոցիալ-քաղաքական: Տեխնիկական առանձին խնդիրների լուծման գործում, մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ գնահատականի և ատոմակայանի պատասխանատու կառույցների վիճակի և սեյսմակայունության գնահատականների ճշգրտման գործում ուրույն ներդրում ունեցան Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բարձրորակ մասնագետները, ինչն արժանի է, անշուշտ, առանձին, ավելի ընդարձակ անդրադարձի:

Վերագործարկմանը նպատակաուղղված տեխնիկական և այլ խնդիրների լուծմանը զուգահեռ սկսվեց երկարամյա մեծածավալ աշխատանք՝ ուղղված երկրի կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բնակչության պատրաստվածության ապահովմանը, համապատասխան գործողությունների ՀԱԷԿ-ում հավանական արտանախագծային վթարի դեպքում և դրանով իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պահանջների բավարարմանը: Մանրակրկիտ ճշտակատարությամբ իրականացվող աշխատանքի արդյունքները բացահայտվում էին, իսկ ձեռք բերված հմտություններն ամրապնդվում պետական կառավարման բոլոր մակարդակների, ինչպես նաև տեղական մարմինների հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ընթացքում, համապատասխան ձեռնարկությունների, կազմակերպությունների անձնակազմի և բնակչության ներգրավմամբ: Աշխատանքի արդյունավետության բացահայտման և ցուցադրման գագաթնակետը հանդիսացան երկօրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժությունները, որոնցում ներգրավված էր ՀՀ կառավարության ամբողջ կազմը՝ վարչապետի, քաղպաշտպանության պետի գլխավորությամբ, քաղպաշտպանության գունդը, ՀԱԷԿ-ի աշխատակազմը, տարածքային, տեղական մարմինները, բնակչությունը: Ուսումնավարժություններն անցան իրականին մոտ պայմաններում, կիրարկվեցին պատրաստականության բոլոր ռեժիմները՝ ամենօրյա, բարձր և լիակատար: Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման մեր միասնական համակարգը ցուցադրեց իր պատրաստվածությունը ՀԱԷԿ-ում հավանական արտանախագծային վթարի դեպքում: Զորավարժության արդյունքները բարձր գնահատեցին ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները: Համակարգի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը լուծված էր: Գործընթացը համակարգող ԱԻ պետական վարչությունն իր ներդրումն ունեցավ երկրի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ՀԱԷԿ-ի վերագործարկման հարցի լուծման գործում:

Ամենօրյա առարկայական աշխատանքի հիմնական ծանրությունը ընկած էր ԱԻ պետական վարչության պետի տեղակալների, աշխատակազմի ստորաբաժանումների, պետական վարչության համակարգի կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների վրա, որոնք իրենց աշխատանքը կատարեցին մեծ ճշգրտությամբ: Այնուհանդերձ, պարտք եմ համարում նշել քաղպաշտպանության հանրապետական շտաբի աշխատակիցների հսկայական ներդրումն այդ գործընթացում: Խոսքը վերաբերում է երկու խումբ աշխատակիցների: Առաջին խմբին կարելի է դասել ԽՍՀՄ տարիներից ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում մեծ փորձ ունեցող սպայական անձնակազմը: Երկրորդ՝ ավելի սակավաթիվ խմբին էին դասվում համապատասխան համալսարանական և ռազմաճարտարագիտական ակադեմիական կրթություն ստացած հմուտ մասնագետները, որոնց վրա էին դրված ինչպես ծրագրային մշակումները, այնպես էլ ուսումնավարժության կարևորագույն բաղադրամասերի գործնական իրականացման համակարգումը: Ըստ որում՝ նշված մասնագետներից մի քանիսը ունեին նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի գոտում վթարային աշխատանքներին մասնակցության անգնահատելի փորձ:

Նշեմ, որ ծրագրի մշակման և իրագործման համակարգումը բախտ էր վիճակվել իրականացնել ինձ: Այդ ընթացքում հաջողվեց ձեռք բերել անհրաժեշտ լրացուցիչ գիտելիքներ գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ իմ կոլեգաներից, մասնակցել մի շարք միջազգային կոնֆերանսների ճառագայթային անվտանգության հարցերով, որտեղ ներկայացվեցին համապատասխան դրվագներ իմ կողմից պատրաստած հետևալ աշխատանքներից՝ «Էներգետիկ անվտանգության որոշ տեսանկյուններ և միջուկային  էներգետիկայի զարգացումը Հայաստանում» և «Էներգետիկ անվտանգության գլոբալ համակարգի շրջանակներում ՀՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդրի լուծման հիմնական ուղիները», որոնք միտված էին ևս մեկ անգամ պարզաբանելու և հիմնավորելու կառավարության կողմից որդեգրված և հետևողականորեն իրականացվող ՀԱԷԿ-ի վերագործարկման գործընթացը:

Ուկրաինայում անցկացվելիք կոնֆերանսի նիստերից մեկը տեղի ունեցավ Չեռնոբիլում, ինչը հնարավորություն ընձեռեց անձամբ լինել աղետված ատոմակայանի գոտում և գործնական դասեր քաղել չեռնոբիլյան փորձից:

Արտակարգ իրավիճակների կանխման և վերացման մեր երկրի միասնական համակարգի վրա դրված վերը նշված կարևորագույն խնդրի հաջող լուծումն իրականացվեց համախոհների թիմային աշխատանքով:

Մենք համառոտ տեղեկատվություններ ներկայացրեցինք արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ՀՀ միասնական համակարգի հիմնաքարերից մի քանիսի տեղադրման մասին։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում էր համակարգի ստեղծմանն ու կայացմանն ուղղված մի շարք հիմնադիր օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերի ընդունմանը և կենսագործմանը, համագործակցությանը միջազգային և տեղական (հիմնականում պետական կառավարման) կառույցների հետ։ Դրանք վերաբերում էին համակարգի «ուղեղի» և «ողնաշարի» ստեղծմանը։

Այնուհանդերձ՝ Սպիտակի երկրաշարժի դասերը ցույց տվեցին, որ կանխարգելման, կառավարման և ուսուցման բնագավառներում բազմաթիվ բացթողումների հետ մեկտեղ մենք չունեինք համապատասխան հմտությունների տիրապետող և ժամանակակից տեխնիկական միջոցներով զինված փրկարարական ստորաբաժանումներ ամենօրյա օպերատիվ գործողություններ իրականացնելու համար։ Բնականաբար, մենք ԱԻ պետական վարչության ստեղծման առաջին օրերից ձեռնարկեցինք համապատասխան գործողություններ՝ ուղղված այդ կարևոր խնդրի լուծմանը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային դաշտում, ինչն այդ սուղ պայմաններում պահանջում էր բավական ժամանակ։

Սակայն մեզ օգնեց այն հանգամանքը, որ հաճախ էքստրեմալ պայմաններում գտնվում են մեր ժողովրդի արժանի ներկայացուցիչներ, որոնք պահի պահանջով իրենց վրա են վերցնում լավագույն լուծումներ իրականացնելու նախաձեռնությունը։

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լեռնագնացների խմբի մի շարք անդամների, այդ թվում՝ գիտության թեկնածուների և դոկտորների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ և Գերմանական կարմիր խաչի ակտիվ աջակցությամբ ստեղծվեց «Սպիտակ» փրկարար ջոկատը։ Կարճ ժամանակում ջոկատի անդամները Գերմանիայի գործընկերներից ստացան ժամանակակից փրկարարական տեխնիկա և անհրաժեշտ հանդերձանք, ձեռք բերեցին համապատասխան հմտություններ և ի վիճակի եղան աղետների և վթարների ժամանակ իրականացնելու օպերատիվ գործողություններ։ «Սպիտակ» ջոկատի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր։ Ջոկատում տեղադրվեց կառավարական հուսալի կապի հեռախոս, սահմանվեց շուրջօրյա օպերատիվ հերթապահություն, և ջոկատի փրկարարները սկսեցին համատեղ աշխատանքը՝ օպերատիվ արձագանքելով այդ տարիներին հաճախակի տեղի ունեցող աղետներին և վթարներին։ Տղաներն անձնազոհաբար մասնակցում էին Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող բազմաթիվ փրկարարական գործողությունների, այդ թվում՝ Արցախյան պատերազմական գոտում, նաև ունեցան ցավալի մարդկային կորուստներ։ Այդ գործողություններն արժանի են առանձին մանրամասն վերլուծական նկարագրության։ Տեղի սղության պայմաններում սահմանափակվենք երկու առավել բարդ և պատասխանատու փրկարարական գործողությունների հիշատակմամբ։ Առաջինը վերաբերում է Թումանյան և Սանահին կայարանների միջև ընկած հատվածում երկու էլեկտրաքարշերի բախումի հետևանքով տեղի ունեցած խոշոր վթարին, որի հետևանքով զոհվել էր 30-ից ավելի մարդ։ Շարքից դուրս էին եկել երկաթգծի էլեկտրասնուցման լարերն ու սյուները, երկաթուղային ռելսերը։ Երկիրը արտաքին աշխարհի հետ կապող այդ ճանապարհով մենք ամեն օր ստանում էինք հացահատիկ և վառելիք։ Այդ պահին ունեինք դրանց ընդամենը մեկուկես-երկու օրվա պաշարներ։ Բնականաբար, կառավարությունը խնդիր էր դրել փրկարարական և վերականգնողական աշխատանքներն իրականացնել ոչ ուշ, քան մեկուկես օրում։ Աշխատանքները համակարգում էինք մենք՝ տրանսպորտի նախարարի հետ համատեղ։ Մոբիլիզացված էին Լոռվա մարզի բոլոր ծառայությունները։ Փրկարարական և վթարային-վերականգնողական աշխատանքները իրականացնում էին «Սպիտակ» փրկարար ջոկատի անդամները և տրասնպորտի նախարարության վթարային-վերականգնողական գնացքի անձնակազմը։ Լրացուցիչ բարդություններ էին ստեղծում տեղանքի ռելիեֆը և նեղ տարածքում կուտակված հազարավոր տագնապալից մարդիկ։ Պետք էր մեծագույն զգուշությամբ բառացիորեն «անջատել» մարդն ու մետաղը և վերականգնել երկաթգծի աշխատանքը։ Մի ամբողջ օր ու գիշեր տևած աշխատանքի շնորհիվ սահմանված ժամկետներում վերականգնվեց հացահատիկով և վառելիքով բեռնված գնացքների շարժը։

Հաջորդ նշանակալից որոնողական-փրկարարական գործողություննեը կապված էին Հս. Օսիայում Ռոքիի լեռնանցքի մոտ ահռելի ձնահյուսի հետևանքով խոր ձորում մեր 13 զոհված հայրենակիցների՝ ձյան հաստ շերտով ծածկված մարմինների որոնման, դուրս բերման և հայրենիք տեղափոխման հետ։ Մեր խիզախ տղաները պատերազմող Հայաստանի շրջափակման պայմաններում իրենց նախաձեռնությամբ Մեծ Կովկասի լեռնանցքներով արտակարգ դրության ռեժիմում գտնվող Հս. Օսիայի և ոչ պակաս ռիսկային Վրաստանի տարածքով, ենթարկվելով բազում վտանգների, մեքենաներով ավտոմոբիլային վառելիք էին հասցնում Հայաստան։ Մեր կառավարությունը նույնիսկ այդ բարդագույն պայմաններում չէր կարող օգնության ձեռք չմեկնել զոհվածների հարազատներին, որոնք անհույս փորձեր էին անում գտնելու իրենց հարազատներին, առավել ևս, որ Հս. Օսիայի իշխանությունները, գիտակցելով իրավիճակի ամբողջ բարդությունը, առաջարկում էին գործողությունները փետրվար ամսից տեղափոխել մայիս՝ ձնհալից հետո։ Մենք ժամանեցինք Հս. Օսիա փոքր, բայց գործունյա թիմով։ Իմ հետ էին քաղպաշտպանության երեք սպա և «Սպիտակ» ջոկատի 5 փրկարար։ Որոնողափրկարարական ամբողջ գործողությունը տևեց 20 օր: Մեզ հաջողվեց համոզել Օսիայի իշխանություններին թույլ տալ սկսել գործողություններն անմիջապես, հենց արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որը մտցված էր օսերի և ինգուշների ազգամիջյան բախումների հետևանքով։ Շատ կարևոր էր Օսիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը՝ ընթացիկ բազմաթիվ խնդիրներ լուծելու և բարդությունները հաղթահարելու գործում։ Աշխատում էինք ՌԴ փրկարարների  աջակցությամբ և օսական փրկարար ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ։ Գործի շուրջ կարողացանք համախմբել հայ համայնքը՝ մեր ժողովրդի հեղինակության համար կարևոր նշանակություն ստացած խնդրի լուծման համար, ինչը հանդիսացավ ողջ գործողության պատշաճ մակարդակով իրականացման կարևորագույն երաշխիքներից մեկը։

Այդ ամենի համար պահանջվեցին մեր փոքրիկ թիմի յուրաքանչյուր անդամի ինչպես մասնագիտական հմտությունների, այնպես էլ ընդհանուր գիտելիքների և անհրաժեշտ մարդկային որակների առկայությունը և ըստ անհրաժեշտության դրանց դրսևորումը։ Ի դեպ՝ մեզ հաջողվեց հայտնաբերել և ձնահյուսի տակից դուրս բերել նաև Օսիայի և Վրաստանի քաղաքացիների։ Այդ բարդ միջազգային օպերացիայի հաջող իրականացումը ևս լավ կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք էր։

Հետագայում Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի բարձրորակ մասնագետների հետ համատեղ իրականացվեց Հայաստանի փրկարարների ուսուցման եռափուլ ծրագիրը, որի արդյունքում վերապատրաստվեցին մի քանի տասնյակ փրկարարներ և լավագույններից պատրաստվեցին 2-րդ և ապա 1-ին կարգի փրկարար-հրահանգիչներ:

Գերմանիայի համապատասխան կառույցների հետ իրականացվող երկամյա ծրագրի արդյունքում Հայաստան բերվեցին 12 համալիր փրկարարական մեքենաներ՝ կահավորված ժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնցից երկուսն անմիջապես փոխանցվեցին Արցախի նոր ձևավորվող փրկարար ծառայությանը:

Իսկ 1997 թ. մարտի 1-ին՝ Քաղպաշտպանության միջազգային օրը, իրականացվեցին լայնածավալ փրկարարական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում ցուցադրվեցին արդեն իսկ ձեռք բերված հմտություններ և կարողություններ, ինչպես և նոր ժամանակակից տեխնիկական միջոցներ և հանդերձանք: Եվ այդ ամենը տեղի ունեցավ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում: Որպես դիտորդներ հրավիրված էին նախարարներ, մեր երկրում օտարերկրյա դեսպաններ: Ուսումնավարժությունները դրական արձագանքի արժանացավ երկրում և նրա սահմաններից դուրս՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին և նպաստելով մեր կառույցի և երկրի հեղինակության բարձրացմանը:

Որպես միջազգային գործունեության հիմնական ուղղություններից մեկը ես արդեն նշել էի մարդասիրական օգնության հատկացումը աղետներից տուժող երկրների ժողովուրդներին: Այդ տարիներին մեր նախաձեռնությամբ և կառավարության համակարգմամբ շրջափակման մեջ գտնվող, պատերազմական գործողությունների մեջ ներքաշված Հայաստանը արագ արձագանքեց և երկու անգամ մարդասիրական օգնություն հատկացրեց Իրանում և Ռուսաստանում երկրաշարժերից տուժած բնակչությանը: Մարդասիրական օգնություն հատկացվեց նաև Չինաստանի երկրաշարժից տուժած բնակիչներին: Այդ բոլորն անշուշտ իր դրական ազդեցությունը ունեցավ մեր երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ վստահության ամրապնդման գործում: Ուշագրավ էր հեռավոր Չինաստանին մարդասիրական օգնության  հատկացման փաստը, հաշվի առնելով, որ  ՀՀ նախագահը պետք է տեղի ունեցած երկրաշարժից երեք ամիս հետո նախօրոք պլանավորված  պաշտոնական այցով այցելեր այդ երկիր:

Այդպիսին էին այսօր արդեն իսկ ձևավորված և դինամիկ զարգացող Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված առաջին քայլերը, որոնք առավել արժեքավոր են, քանի որ իրականացվում էին մեր երկրի կայացման բարդագույն պայմաններում: