Գլխավոր Միջոցառումներ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

822
Տարածել

Որակավորման բարձրացման չորս դասընթաց՝ մեկ շաբաթում»

Մայիսի 18-25 հատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստման-որակի բարձրացման երեք դասընթաց կազմակերպվեց երեք տարբեր խմբերի համար. կապի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտի պետական և մասնավոր կառույցների («Բարձրավոլտ էլցանցեր», տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններ) ներկայացուցիչների համար՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացում» թեմայով, հանրակրթական դպրոցների երրորդ դասարանների դասվարների համար՝ «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթություն» թեմայով, Վայոց ձորի և Շիրակի մարզի մի շարք համայնքապետարանների ճարտարագետների համար՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացում» թեմայով: Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների համար ակադեմիայի մասնագետները կազմակերպեցին արտագնա դասընթաց՝ «Ահաբեկչություն» թեմայով: Չորս դասընթացին միասին մասնակցեց մոտ 40 մարդ, այդ թվում՝ Երևանի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի մարզերի ավելի քան 20 դպրոցի դասվար:

Ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանից տեղեկացանք, որ դասընթացների թեմաներն ընտրվել են ըստ մասնակիցների աշխատանքի առանձնահատկությունների: Դասվարների համար՝ «Հանրակրթական դպրոցների խնդիրները աղետների ռիսկի նվազեցման բնագավառում», «Դպրոցի անվտանգություն և վտանգների գնահատում», «Տարհանում դպրոցից», «Ահաբեկչություն», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման ուսուցման մեդոթները» և այլն, կապի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտի պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների համար՝  «Աղետների ռիսկի նվազեցման միասնական համակարգը», «Քաղպաշտպանության կազմակերպումն ու խնդիրները», «Կապի և ազդարարման համակարգի կազմակերպումը արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ» և այլն, համայնքապետարանների ճարտարագետների համար՝ «Կենսաբանական անվտանգություն», «Քաղպաշտպանության միասնական համակարգ», «Ճառագայթային պաշտպանություն» և այլն:

Դասընթացները «Դասախոս-ուսանող» ձևաչափով չեն: Ակտիվ քննարկում է, խաղ-խնդիրներ և վերջում՝ կլոր սեղան: «Ոչ միայն մենք ենք խոսում, այլ նաև իրենք. ինչ խնդիրներ են տեսնում, ինչ լուծումներ, գուցե կա բան, որ իրենք ներսից ավելի լավ են տեսնում՝ քան մենք: Ի հավելումն, շատերը սոցկայքերում ընկերներ են, և նաև այդ ռեսուրսն է օգտագործվում իրար օգնելու, իրար խորհուրդներ տալու, տեղեկություններ փոխանակելու համար»,- տեղեկացրեց Դավիթ Թադևոսյանը:

Տարվա սկզբից մինչ օրս ակադեմիայի մասնագետները վերապատրաստման-որակի բարձրացման ավելի քան 40 դասընթաց են անցկացրել (ներառյալ՝ նշված չորս դասընթացը): Մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս մոտ 50 դասընթաց: Միջինը ամեն չորրորդ դասընթացն արտագնա է՝ թե Երևանում, թե մարզերում: Միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց: Անցած ամիս ՃՊԿԱ մասնագետները որակի բարձրացման դասընթաց էին կազմակերպել բջջային կապի օպերատորներից մեկի աշխատողների համար՝ «Ճառագայթային պաշտպանություն» թեմայով: Ընկերության ղեկավարությունը ոչ միայն շնորհակալություն է հայտնել, այլև խնդրել նորից դասընթաց կազմակերպել, արդեն ընկերության այլ աշխատողների համար: Հիմա ճշտվում են նոր դասընթացի ժամկետները:

 

 

Հ. Գ. Մայիսի 26-ին ակադեմիայի մասնագետները որակի բարձրացման արտագնա դասընթաց են անցկացրել Արարատի մարզի համայնքներում՝ «Աղետակայուն համայնքների ստեղծում» թեմայով: Այս մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: