Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները ձորից հանել են քաղաքացիներին

Փրկարարները ձորից հանել են քաղաքացիներին

860
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 867 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 507 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 48 կեղծ կանչ: 

Փրկարարները 168 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Արաբկիր վարչական շրջաններում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 2 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 63 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 29 դեպքում:

Այլ կանչեր. Քանաքեռ-Զեյթունում ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկում պատշգամբից սկուտեղը ընկել է 2-րդ հարկի պատշգամբի ծածկի վրա, առկա է սկուտեղի ընկնելու վտանգ մարդկանց եւ մեքենաների վրա: Հրշեջ-փրկարարները հեռացրել են սկուտեղը: 

Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սեւան քաղաքում հորթն ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել կենդանուն: Իսկ Սյունիքում կանչ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին ձին մտել է գետը եւ կոտրել ոտքը, չի կարողանում դուրս գալ գետից: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել ձիուն և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Արագածոտնում ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիներն իջել են մոտակա ձորը եւ չեն կարողանում շարունակել ճանապարհը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մոտ 70 մ խորությունից դուրս են բերել քաղաքացիներին եւ երկու մոտոցիկլետ: Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մեծ Սեպասար գյուղում արագիլի բնից ձագը ընկել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն արագիլի ձագին հանձնել են «Արփի լիճ ազգային պարկի» աշխատակիցներին:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջում եւ փրկարարական աշխատանքներ հանգստյան գոտում», «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատություններում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: