Գլխավոր Նորություններ ԱՌՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՌՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

794
Տարածել

Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝ Հայաստանը նախաձեռնող երկիր

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք, որ այս տարվա հոկտեմբերի 11-13-ը Երևանում անցկացվելու է աղետների ռիսկի նվազեցման թեմայով միջազգային գիտաժողով, որի խորագիրն է՝ «Դիմակայունության բարձրացում հանուն կայուն զարգացման»:

Նախաձեռնությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է, աջակիցներն են  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերը, մանկական հիմնադրամը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը և դիմակայունության բարձրացման և աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտում ծրագրեր իրականացնող այլ կառույցներ՝ Հայկական կարմիր խաչ, Save the children և այլն:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, համաժողով անցկացնելու գաղափարը ծնվել է այս տարվա մայիսի 22-28-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովի օրերին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումներից: Այլ երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում նախարարը շեշտել է, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանն ունի ներուժ՝ դառնալու տարածաշրջանի մոդելային երկիր՝ լավագույն փորձի փոխանակման ու ներդրման հարթակ:

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ: Կան նաև տարածաշրջանային պլատֆորմներ՝ Աֆրիկայի, արաբական երկրների, խաղաղօվկիանոսյան, ասիական, եվրոպական, հարավկովկաս-կենտրոնասիական  երկրների և այլն: Հայաստանը մասնակցում է եվրոպական և հարավկովկաս-կենտրոնասիական տարածաշրջանային պլատֆորմներին ու հոկտեմբերի 11-13-ի համաժողովին էլ բացի Հայաստանից մասնակցելու է եվրոպական և ասիական 17 երկիր՝ Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա-Հերցոգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Մակեդոնիա, Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Վրաստան, Իրան, Թուրքիա: Հայաստանը պատրաստ է հրավիրել նաև Ադրբեջանին:

«Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» հինգերորդ համաժողովում նախարար Դավիթ Տոնոյանն ու ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային քարտուղարության Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Պաոլա Ալբրիտոն պայմանավորվել են 2018-ի հունիսին Հայաստանում  անցկացնել աղետների ռիսկի նվազեցման հարավկովկաս-կենտրոնասիական տարածաշրջանային պլատֆորմի համաժողով: Նույն տարվա աշնանը Իտալիայում կանցկացվի ԱՌՆ եվրոպական տարածաշրջանային պլատֆորմի համաժողովը՝ Հայաստանի համանախագահությամբ: Հայաստանը կներկայացնի իր ձեռքբերումները, հարավկովկաս-կենտրոնասիական պլատֆորմի առաջարկները և կհայտարարի, որ պատրաստ է 2020-ին հյուրընկալել եվրոպական պլատֆորմը:

«Հոկտեմբերին նախատեսված համաժողովը եկող տարվա հարավկովկաս-կենտրոնասիական պլատֆորմի յուրօրինակ նախապատրաստումն է՝ առաջին քայլը: Մենք հանդիպում ենք կազմակերպում տարածաշրջանային երկու պլատֆորմի համար՝ եվրոպական և հարավկովկաս-կենտրոնասիական: Սա լավ նախաձեռնություն է՝ միտված նրան, որ Հայաստանը դառնա աղետների ռիսկի նվազեցման ուղղությունը զարգացնելու հարցում նախաձեռնող երկիր: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է իր վրա վերցնել այս նախաձեռնությունը և ողջունելի է, որ աջակից միջազգային գործընկերներ ունի: Աղետը սահման չի ճանաչում: Բազմիցս կրկնված այս արտահայտությունը հատուկ է մեր տարածաշրջանին, և բոլորը պետք է ընդունեն, որ աղետների կառավարումը, արձագանքումը, մարդու կյանքի փրկությանն ուղղված ջանքերը շատ ավելի բարձր պիտի լինեն, քան քաղաքականությունը և անհամաձայնությունները երկրների միջև»,- կարծում է Արմեն Չիլինգարյանը:

Նման համաժողովներին երկրները մասնակցում են արտակարգ իրավիճակներին արձագանքման պետական կառույցների ղեկավարների մակարդակով: Հոկտեմբերին Երևանում անցկացվող համաժողովն այս առումով բացառություն չէ, այլ առանձնահատկություն է ունենալու: Հոկտեմբերի 11-ին և 12-ին կազմակերպվելու է վեց նիստ հետևյալ թեմաներով. աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիր, աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ ազգային ռազմավարությունների մշակման փորձը տարբեր երկրներում, ԱՌԿ ոլորտում մասնավոր ընկերությունների հետ կապերի զարգացման փորձ, ԱՌԿ ոլորտում գործիքակազմի՝ մոնիթորինգ և գնահատում, տեղայնացում, դիմակայունության մշակույթ՝ հաշվի առնելով խոցելի խավերի շահերը, ԱՌՆ և կայուն զարգացման նպատակներ, նորարական տեխնոլոգիաներ: Չեն լինելու ուղղակի զեկույցներ, այլ՝ բաց քննարկում՝ մեկ հիմնական զեկուցող ու հարցուպատասխան:

Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին, առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվեն աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որոնց կմասնակցեն նաև դրսից եկած փորձագետները: Համաժողովի անցկացման օրերն ու օրակարգը հենց այսպես էլ մշակվել է, որ խորհրդարանական լսումները լինեն հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը:

Օրը ՄԱԿ-ի տոնացույց է մտել 1989-ին, նպատակը աղետների ռիսկի նվազեցման լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման կարևորությունն ընդգծելն է: Հայաստանում օրվա առիթով տարբեր միջոցառումներ են իրականացվում: 2013-ին երկամսյա` հոկտեմբեր 6-դեկտեմբերի 16-ը քարոզարշավ է անցկացվել:

«Աղետների ռիսկի նվազեցումը ռազմավարական ուղղություն է, և չկա կայուն զարգացում՝ առանց ռիսկերը ճանաչելու, գնահատելու: Երևանյան համաժողովի արդյունքներով կընդունվի բանաձև, հռչակագիր, որը կդառնա վերջնական մոտեցում, տեսակետ և քաղաքականություն՝ պարտադիր կատարման համար: Այս բանաձևի իրականացման հաշվետվություն կներկայացվի նաև տարածաշրջանային պլատֆորմներին: Սա չի լինելու մեկանգամյա կոնֆերանս, շարունակություն է ունենալու: 2019-ին Ժնևում կայանալու է «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովը, որտեղ կներկայացնենք Երևանում ընդունված բանաձևի կատարման արդյունքները»,- տեղեկացրեց Արմեն Չիլինգարյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ