Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծման 47 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 47 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2097
Տարածել

Ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1054 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 63-ով:

Գրանցվել է հրդեհի 8 դեպք, որոնց մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկերում եւ աղբակույտերում: Տուժածներ չկան: Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին պատահարի հետեւանքով տուժել է 3 քաղաքացի, որոնց փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն: Եւս մեկ արտակարգ դեպք է գրանցվել Մարտակերտում: Հյուրատներից մեկում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկումով։ Տուժել է 2 քաղաքացի, որոնց տեղափոխել են հիվանդանոց։

Կենցաղային բնույթի 38 զանգ է ստացվել: ԱԻՊԾ-ը շարունակում է բնակչությանն օգնելու աշխատանքները: Ամենշաբաթյա կտրվածքով խմելու ջուր է մատակարարվում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնապատ եւ Սառնաղբյուր համայնքների բնակիչներին:

Ջերմաստիճանի կտրուկ  բարձրացման հետ նկատվում է օձերի շարժ։ Շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման 2 դեպք է արձանագրվել:

Սակրավորական ջոկատները շարունակում են համագործակցել Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության սակրավորների, Արցախում գործող «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ: Մեկ շաբաթում ստացվել է 47 կանչ: Վնասազերծվել է  հակատանկային 2 ական, 8 հատ պայթուցիչ, հրթիռակասետային  8 եւ գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 հատ ական եւ թնդանոթի 92 հատ արկ:

Զոհված զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը 7 ելք է կատարել: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից առայսօր հայտնաբերվել է 1539 աճյուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն