Գլխավոր Նորություններ «ՆԱԻՐԻՏԻ» ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ

«ՆԱԻՐԻՏԻ» ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ

651
Տարածել

Պայթյունն ու հրդեհն առաջինը չէին

3-րդ աստիճանի կանչ

«Նաիրիտի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի (ՀՀՋ) հրամանատար, փ/ծ գնդապետ Արարատ Ավագյանը արձակուրդում է, սակայն ամեն օր գալիս է ու նախկին արդյունաբերական հսկայի տարածքն է սեփական աչքով զննում, քանի որ զոդման աշխատանքներ են իրականացվում. հանկարծ անզգույշ կայծից հրդեհ չբռնկվի: Օգոստոսի 28-ին էլ սովորականի պես աշխատող բանվորների մոտից վերադառնում էր հրշեջ մաս. «Հանկարծ ծուխ նկատեցի, դեռ չէին հասցրել ահազանգել, անմիջապես հասա հրդեհի վայր ու կանչ տվեցի: Առաջնահերթ բռնկվել էին լաքիէթինոլ պարունակող երկաթբետոնե երկու տարաները և այրվում էր շրջակա խոտածածկ տարածքը մոտ 150 քմ շառավղով»,- պատմում է հրամանատարը: Երկու մարտական հաշվարկ է մեկնում դեպքի վայր, նախ մեկուսացնում են կրակը, որ չտարածվի և հարակից շուրջ 100 տ տարողությամբ մետաղե տարան են հովացում, որ նույնպես լաքիէթինոլ  էր լցված, որպեսզի չբռնկվի: «Քանի որ «Նաիրիտը» բարձր կանչի օբյեկտ է, հաստատեցինք բարձր կանչ: Ըստ նախատեսված չվացուցակի՝ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից օգնության եկավ 4 մեքենա, իսկ հետո 3-րդ կանչ հաստատեցինք: Ընդհանուր առմամբ 11 մեքենա էր և մեկ լեսնիցա (սանդուղք)»,- շարունակում է հրդեհից մանրամասներ ներկայացնել հրամանատարը: Դեպքի վայր է հասնում ՀՀ ԱԻՆ շտաբը և անմիջապես ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները և հենց 3-րդ աստիճանի կանչն էլ հնչեցնում է շտաբի ղեկավարությունը: Հրդեհի վայրում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհի բոլոր օջախները մարում են և շարունակում հովացում տալ մետաղե տարաներին, իսկ մյուս 4 բետոնե տարաների (յուրաքանչյուրում՝ մոտ 50-60 տ)  դյուրավառ նյութն այրվում էր: 4 տարաներում այրվում էր շուրջ 200 տ լաքիէթինոլ: Հրամանատարը նշում է նաև, որ լաքիէթինոլը, ըստ գիտական ապացույցների, 200 լիտրանոց տակառների մեջ պետք է պահվի առավելագույնը 6 ամիս, իսկ այդ հսկայական տարողություններում քիմիական նյութը պահվում է արդեն 20 տարուց ավելի. «Այդ նյութերի պահպանությունն իրականացնում է «Նաիրիտ» ընկերության անվտանգության ծառայությունը, որն ապահովում է նաև գործարանի պահպանությունը, իսկ մեր ՀՀՋ-ն պայմանագրային հիմունքներով սպասարկում է գործարանի տարածքը հրդեհների դեպքում, ինչպես նաև կրակային միջոցառուների ժամանակ սահմանում է հսկողություն»: Զոդման աշխատանքներից չէր, որ բռնկվեց հրդեհը, քանի որ այլ տեղամասում էին դրանք իրականացվում: Աղբ չեն վառել, խոտ չեն վառել:

 

Հրդեհի դեմ՝ ինչպես մեկ թիմ

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին, «Նաիրիտում» պայթյունից ու հրդեհից անմիջապես հետո գործարանի պահպանությունն իրականացնող ՀՀՋ-ի գրեթե բոլոր հրշեջ-փրկարարները, որոնք այդ օրը հերթափոխում չեն եղել, անգամ արձակուրդում գտնվողները, միմյանց զանգահարելով, ով ինչպես կարողացել է՝ տրանսպորտով ու սեփական մեքենաներով հասել են դեպքի վայր ու մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրամանատար, փ/ծ գնդապետ Արարատ Ավագյանը նշում է, որ ինքը տագնապով չի կանչել այդ օրը հերթափոխում չգտնվող հրշեջներին, իրենք են ներկայացել` իմանալով հրդեհի մասին: Անգամ 5 տարի առաջ թոշակի անցած՝ ջոկատի հրշեջներից մեկը, որ վկայական չունենալով՝ մեքենաներից մեկում մի կերպ մտել է տարածք, քաղաքացիական հագուստներով փորձել օգտակար լինել շիջման աշխատանքներին: Իսկ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ռուզաննա Քալաշյանը, որ ջոկատի երկու կին հրշեջներից մեկն է, այդ օրը նույնպես հերթափոխում չի եղել, հեռախոսազանգ ստանալով՝ արագ հասել է դեպքի վայր. «Երբ տեղ հասա, մեր 33 հոգանոց ջոկատը գրեթե ամբողջությամբ դեպքի վայրում էր: Միայն տեսնեիք՝ ինչ էր կատարվում: Տղաները շտապելուց մեքենաներն արգելակել ու չէին հասցրել վթարային լույսերն անջատել: Ով հասցնում՝ համազգեստն էր հագնում, ով էլ չէ՝ հենց քաղաքացիական հագուստով էր փորձում առաջինը օգնության հասնել: Բոլորը մի մարդու պես, թիմով, առանց պարտադրանքի»: Իսկ հրդեհը՝ բռնկված դյուրավառ քիմիական նյութի հետևանքով, ահռելի ջերմություն ու ծուխ էր արձակում՝ շոգիացնելով կրակը խեղդել փորձող ջուրն ու փրփուրը, մարդկանց էլ պահում էր որոշակի հեռավորության վրա: Դժոխքի եռացող կուպրե կարասներ հիշեցնող այդ կրակե քաոսի մեջ հրշեջներից 3 հոգի ծխահարվում են, բարեբախտաբար համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո կրկին վերադառնում շարք: Շրջակա բնակավայրի քաղաքացիներից տուժողներ չեն եղել: Չի եղել նաև բնակիչների տարհանում:

 

4-ն այրվում են, 9-ը` պաշտպանվում

Ըստ մասնագետների՝ լաքիէթինոլը ստացվում է կաուչուկի արտադրության ժամանակ կողմնակի նյութի տեսքով, հիմնական արտադրանքի 10 տոկոսի չափով: Այդ նյութը կիրառվում է հակակոռոզիոն ծածկույթ ստանալու համար: Այն շագանակագույն յուղանման հեղուկ է, բռնկվում է 32 աստիճանի պայմաններում: Թեպետ հրդեհը բռնկվել էր 156 հա տարածություն ընդգրկող գործարանի մի փոքրիկ հատվածում, սակայն, չնայած փոքրիկ տարածքին, հրդեհի ծավալները, ծխի խտությունն ու իրավիճակի վտանգավորությունը չափազանց մեծ էին: «Եթե ճիշտ ժամանակին և արագ չկանխվեր հրդեհի տարածումը և պայթեին հարակից տարաները, մենք գործ կունենայինք 15 անգամ մեծ հրդեհի հետ»,- նշում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը: ԼաքիԷթինոլի ֆիզիկական ու քիմիական հատկանիշները հաշվի առնելով՝ փրկարարները որոշում են թողնել, որ քիմիական թափոնը ինքնահրկիզվի մինչև վերջ: «Մենք այնտեղ ունենք 13 տարողություններ՝ 4 բետոնե, որոնք այրվում են, և 9 մետաղական: Կատարվում են ակտիվ հովացման աշխատանքներ, որպեսզի չբռնկվեն առավել վտանգավոր այդ մետաղե տարաները նման ջերմային ռեժիմի պայմաններում»,- պարզաբանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Բետոնե տարաներում այրված նյութը քարացած է եղել, իսկ մետաղե տարաներում դեռևս հեղուկ վիճակում է:

Հրդեհից առաջացած ծուխը վտանգ չի առաջացնում հանրության համար, ծուխը շնչելուց հետո պարզապես քաղաքացիներն իրենց վատ կզգան: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը. «Նաիրիտի» տարածքում տեղի ունեցած հրդեհից առայժմ վտանգներ չկան, ամեն ինչ հսկողության տակ է»:

 

Հետգրության պես

Ըստ նախնական վարկածի՝ դյուրավառ լաքիէթինոլը կարող էր ինքնաբռնկվել մայրաքաղաքում իշխող բարձր ջերմային ֆոնի պայմաններում: Թեպետ մշտական հսկողություն է իրականացվում տեղամասում՝ տարաների նկատմամբ ապահովելով անվտանգություն: Բռնկված 4 բետոնե տարաներից 3-ն ուժեղ բոցով ու թանձր ծխով այրվել են շուրջ 12 ժամ, իսկ 4-րդը՝ գրեթե մի ամբողջ օր: Եվս մեկ օր տարաներն այրվել են մարմրող թոնրի պես՝ առանց ծխի ու բարձր բոցի, մինչև քիմիական տարրի վերջնական ոչնչացումը: Իսկ օգոստոսի 30-ի երեկոյան արդեն հրդեհը վերջնականապես մարված էր, սակայն շարունակում է ՀՀՋ-ն հերթապահություն իրականացնել երկու մարտական հաշվարկով: Իսկ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր առմամբ 12 մարտական հաշվարկ և 122 հրշեջ-փրկարար: Վրաստանից վերադարձող 10 տոննայանոց երկու մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է «Նաիրիտ»՝ առանց տեղակայման վայր գնալու:

ԼաքիԷթինոլ տեսակի քիմիական նյութը նախկինում արտադրվում էր «Նաիրիտ» գործարանում և վաճառվում Ռուսաստանին, որն այն օգտագործում էր նավաշինության համար: Վերջին տարիներին այն գնորդ չուներ և պահվում էր դյուրավառ նյութերի պահեստում: Նյութը ոչնչացնելու երկու տարբերակ կա՝ վառել հատուկ վառարանում կամ թաղնել հատուկ պայմաններում: Գործարանում պահեստավորված է եղել 1025 տ լաքիէթինոլ, որից հրդեհվել է մոտ 200-ը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ