Գլխավոր Նորություններ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ

ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ

651
Տարածել

Օգոստոսի 31-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիր կկնքի Ճապոնիայի կառավարության հետ:

Այս համաձայնագրով Ճապոնիան Հայաստանին կտրամադրի հրշեջ-փրկարարական նոր մեքենաներ, որոնք կտրամադրվեն Լոռու, Սյունիքի և Շիրակի փրկարարական կազմավորումներին: Այս մարզերում կան համայնքներ, որոնք սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից հեռու են 32-48 կմ, իսկ այսօր փրկարարների տրամադրության տակ եղած հին և մաշված մեքենաները և բարձրլեռնային ճանապարհները դանդաղեցնում են արձագանքման արագությունը:

Սա Ճապոնիայի կառավարության տրամադրած առաջին օգնությունը չէ: 2005 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Հայ-ճապոնական տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին է տրամադրել մոտ 3 տասնյակ հրշեջ-փրկարարական մեքենա, վեց մեքենայից բաղկացած շարժական կառավարման կայան: Ճապոնացի մասնագետների օգնությամբ և մասնակցությամբ ծրագրեր են իրականացվել սեյսմիկ անվտանգության, սողանքների դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտներում, բազմաթիվ հայաստանցի փրկարարներ վերապատրաստման, որակի բարձրացման դասընթացներ են անցել Ճապոնիայում: