Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2296
Տարածել

2018 թվականի փետրվարին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 873 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի փետրվարի 15-ի դրությամբ՝ 19 387, 2020 թվականի հունվարի դրությամբ՝ 21 026 ԱՎՕ, իսկ 2020 թվականի փետրվարի 14-ի դրությամբ՝ 21 180:

Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 12 տոկոսով, վերջին մեկ ամսում՝ 0,7 տոկոսով:

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է 1188 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2020 թվականի սկզբից՝ 175 ԱՎՕ՝ ամբարձիչ սարքավորում, սլաքային ավտոմոբիլային կռունկ, գազային վաֆելային վառարան, գազի բալոններ տեղափոխող մեքենա, բենզատար մեքենա, կաթսայատուն, թթնածնի բալոնների պահեստարան, վերելակ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3600, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: