Գլխավոր Նորություններ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

783
Տարածել

Մայիսի սկզբից Երևանում մեկնարկած «Անվտանգության արշավն» այս շաբաթ շարունակվել է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հատուկ դպրոցում» թեմայով ուսումնավարժությամբ:

Ինչպես նախորդ վարժանքներում, այս մեկում ևս բացի փրկարարներից, դպրոցականներից ու ուսուցիչներից, ներգրավված էին նաև բժիշկներ, ոստիկաններ, «Գազպրոմ-Արմենիա», «Հայաստանի էլցանցեր», «Վեոլիաջուր» ընկերությունների ներկայացուցիչներ:

Ըստ վարժանքի սցենարի, դպրոցում հրդեհ է բռնկվել: Վարժանքը ցույց տվեց, որ բոլորը գիտեն իրենց անելիքը: Դպրոցի քաղպաշտպանության պետը ահազանգեց «911» և կազմակերպեց աշխատակիցների և աշակերտների տարհանումը: Դեպքի վայր հասած փրկարարական ջոկատները սկսեցին հետախուզություն, հրդեհաշիջում, հրդեհի տարածման կանխարգելում, ոստիկանները սահմանազատեցին-փակեցին տարածքները, սահմանափակեցին երթևեկը, բժիշկները տուժածներին առաջին օգնություն ցույց տալուց հետո նրանց տեղափոխեցին բուժհաստատություններ և այլն:

Ուսումնավարժության ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում երեխաների անվտանգությանը՝  հատուկ կարիքներով  երեխաները արտակարգ իրավիճակներում ավելի խոցելի են:

ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանի գնահատմամբ՝ վարժանքի մակարդակը բավարար էր:

Այս վարժանքների հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու աղետների ռիսկի նվազեցումը:

Ծրագիրը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» տրամաբանության մեջ է:

«Անվտանգության արշավ» ծրագրով կազմակերպվելու է շտաբային, հատուկ տակտիկական 30 ուսումնավարժություն՝ կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում: